‏ Exodus 15

1Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած: Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը: 2Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ: 3Նա՛ է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու: Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան: Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է: 4Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց,նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին: Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում: 5Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը: 6Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն: 7Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ: 8Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները: 9Թշնամին ասաց. «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ: Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց»: 10Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը: 11Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում: 12Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց: 13Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում: 14Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան: Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին: 15Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները: Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները: 16Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար: 17Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ,որ ժառանգութիւնն է քո,քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր:Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ: 18Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»: 19Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին: 20Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու պարելով: 21Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը թափեց»: 22Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը: Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան: 23Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր: Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն: 24Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»: 25Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց: Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ: Այնտեղ Աստուած ժողովրդին տուեց օրէնք ու իրաւունք եւ այնտեղ էլ փորձութեան ենթարկեց նրան: Նա ասաց. 26«Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը»: 27Եւ եկան հասան Եղիմ: Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի: Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի մօտ:
Copyright information for ArmEastern