‏ Exodus 17

1Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում: Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր: 2Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»: 3Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»: 4Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին: Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»: 5Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր: 6Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ: Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»: 7Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց: Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»: 8Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ: 9Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ: Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»: 10Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ: Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը: 11Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները: 12Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին: Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտն»լը բարձրացած մնացին: 13Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը: 14Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ: Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»: 15Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»: 16Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»:
Copyright information for ArmEastern