Exodus 20
1Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով. 2«Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից: 3Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար: 4Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: 5Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, 6իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ: 7Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում: 8Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն: 9Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը: 10Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, 11որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ: Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց: 12Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ: 13Մի՛ սպանիր: 14Մի՛ շնացիր: 15Մի՛ գողացիր: 16Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր: 17Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»: 18Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը: Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու: 19Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք: Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել: 20Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի ձեր մէջ, եւ դուք մեղք չգործէք»: 21Ժողովուրդը լեռից հեռու էր կանգնած, իսկ Մովսէսը մտաւ մառախուղի մէջ, ուր գտնւում էր Աստուած: 22Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես Յակոբի սերնդին եւ կը հաղորդես Իսրայէլի որդիներին. «Դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խօսեցի ձեզ հետ: 23Ձեզ համար ոսկէ ու արծաթէ աստուածներ չպատրաստէք: 24Ինձ համար հողաշէն զոհասեղան կը պատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կը դնեմ իմ անունը, կը մատուցէք ձեր ողջակէզներն ու ձեր խաղաղութեան զոհերը, ձեր ոչխարներն ու ձեր արջառները: Ես կը գամ քեզ մօտ ու կ՚օրհնեմ քեզ: 25Իսկ եթէ զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը յղկուած թող չլինեն, որովհետեւ եթէ քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծուած կը լինի: 26Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ»:
Copyright information for
ArmEastern