Exodus 21
1«Սրանք են այն կանոնները, որ պիտի յայտնես նրանց. 2Եթէ գնես եբրայեցի մի ստրուկ, վեց տարի նա թող ծառայի քեզ եւ եօթներորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակուի: 3Եթէ նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ: 4Եթէ իր տէրը նրան կին տայ, եւ կինը նրա համար տղաներ եւ աղջիկներ ծնի, ապա կինն ու զաւակները թող պատկանեն նրա տիրոջը, իսկ նա թող գնայ միայնակ: 5Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին եւ ազատութիւն չեմ ուզում», ապա նրա տէրը նրան թող կանգնեցնի Աստծու ատեանին, 6այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ: 7Եթէ որեւէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները: 8Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլեւս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրաւունք չունի, թէ չէ նրան անարգած կը լինի: 9Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ: 10Եթէ ամուսնացած մի մարդ ամուսնանայ նաեւ մի ուրիշ կնոջ հետ, թող չզրկի նախկին կնոջը գոյութեան միջոցներից, զգեստներից ու ամուսնական պարտականութիւնից: 11Եթէ ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակուի»: 12«Եթէ որեւէ մարդ հարուածի մէկին, եւ սա մահանայ, ապա հարուածողը մահապատժի թող ենթարկուի: 13Եթէ սպանութիւնը կատարուել է ոչ թէ սպանողի կամքով, այլ Աստուած է մատնել նրան նրա ձեռքը, ապա սպանողին թող ցոյց տրուի մի տեղ, ուր նա ապաստան թող գտնի: 14Եթէ մէկը չարանենգօրէն սպանի իր մերձաւորին եւ փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, դարձեալ կ՚առնես նրան ու կը սպանես: 15Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի: 16Եթէ մէկը գողանայ մի իսրայէլացու եւ վաճառի, եւ կամ իր մօտ գտնեն նրան, ապա սա մահապատժի թող ենթարկուի: 17Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի: 18Եթէ երկու մարդիկ կռուեն, եւ նրանցից մէկը քարով կամ բռունցքով հարուածի միւսին, եւ սա ոչ թէ մահանայ, այլ անկողին ընկնի, 19ապա եթէ տուժածը ոտքի կանգնի եւ կարողանայ ցուպի օգնութեամբ քայլել, հարուածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկուելու վնասի ու բժշկութեան համար թող հատուցում վճարի: 20Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով, 21իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել: 22Եթէ երկու տղամարդիկ կռուելիս զարնուեն մի յղի կնոջ, եւ կինը պտուղը դեռ չձեւաւորուած վիժի, հարուածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի ըստ սահմանուած կարգի եւ տայ աղաչելով: 23Իսկ եթէ պտուղը ձեւաւորուած լինի, ապա թող հատուցի ըստ այս կարգի. կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ 24աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, 25խարանի դիմաց՝ խարան, վէրքի դիմաց՝ վէրք, հարուածի դիմաց՝ հարուած: 26Եթէ մէկը հարուածի իր ստրկի կամ իր ստրկուհու աչքին ու կուրացնի նրան, ապա իր կուրացրած աչքի համար նրանց ազատ թող արձակի: 27Եթէ ջարդի իր ստրկի կամ ստրկուհու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրանց ազատ թող արձակի»: 28«Եթէ մի ցուլ հարուածի մի տղամարդու կամ կնոջ, եւ սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծուի, նրա միսը թող չուտեն, իսկ ցուլի տէրը անպարտ թող լինի: 29Եթէ ցուլը նախկինում եւս հարուածող է եղել, եւ այդ առթիւ նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցուլին մէջտեղից չի վերացրել, եւ եթէ ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծուի, իսկ ցուլի տէրը միաժամանակ մահապատժի թող ենթարկուի: 30Իսկ եթէ տիրոջ վրայ փրկագին նշանակուի, ապա իր խլած կեանքի դիմաց տէրը թող վճարի նշանակուած փրկագինը: 31Եթէ ցուլը մի տղայի կամ մի աղջկայ հարուածի, նոյն կերպ թող վարուեն նրա հետ: 32Եթէ ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարուածի, ցլատէրը նրանց տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծուի: 33Եթէ մէկը փոս բացելուց կամ ջրհոր փորելուց յետոյ դրանք չծածկի, եւ դրանց մէջ արջառ կամ էշ ընկնի, 34փոսի տէրը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լէշը թող յանձնուի իրեն: 35Եթէ մէկի ցուլը հարուածի մի ուրիշ մարդու ցուլին, եւ սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն եւ դրա արժէքը թող բաժանեն: Թող բաժանեն նաեւ սպանուած ցուլը: 36Իսկ եթէ նախկինում էլ գիտէին, որ ցուլը հարուածող է եղել, եւ այդ մասին դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցուլը մէջտեղից չի վերացրել, թող ցուլ հատուցուի ցուլի փոխարէն, իսկ սպանուած ցուլը թող տրուի տիրոջը»:
Copyright information for
ArmEastern