‏ Exodus 25

1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները: Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում: 3Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ, 4կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 5խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր, 6լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր, 7սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան: 8Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ: 9Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ: Այսպէս կը պատրաստես. 10Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 11Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ: 12Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից: 13Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով: 14Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը: 15Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած: 16Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ: 17Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը: 18Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին: 19Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին: 20Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի անեն կափարիչի վրայ: Նրանց գլուխները թող լինեն միմեանց յանդիման, որպէսզի քերովբէների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կը դնես տապանակի վրայ՝ վերեւի կողմից: 21Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ: 22Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ այն ամենի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ»: 23«Սեղան կը պատրաստես կարծր փայտից: Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 24Այն կը պատես մաքուր ոսկով: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ: 25Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով: 26Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են: 27Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը: 28Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով: Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը: 29Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես: Մաքուր ոսկուց կը պատրաստես դրանք: 30Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»: 31«Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես: Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն: 32Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից: 33Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները. 34աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ: 35Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ: Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս ճիւղերի տակ նոյնպէս պէտք է լինի մի գնդիկ: Նոյն ձեւով կը պատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճիւղերը, 36այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր մաքուր ոսկուց: 37Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից: 38Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես: Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես: 39Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»:
Copyright information for ArmEastern