Exodus 3
1Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ: 2Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում: 3Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը: Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»: 4Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»: 5Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»: 6Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն: 7Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին, 8լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին: Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յ»բուսացին»րի »րկիրը« ուր կաթ ու մ»ղր է հոսում: 9Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից: 10Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»: 11Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»: 12Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»: 13Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»: 14Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»: Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»: 15Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ: 16Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում: 17Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»: 18Նրանք կը լսեն քեզ: Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ: Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»: 19Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան: 20Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ: 21Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք: 22Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ: Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին»:
Copyright information for
ArmEastern