‏ Exodus 30

1«Խնկարկութեան սեղան կը պատրաստես կարծր փայտից: 2Այն կը շինես մէկ կանգուն երկարութեամբ եւ մէկ կանգուն լայնութեամբ. քառակուսի թող լինի: Երկու կանգուն թող լինի դրա բարձրութիւնը: Դրա եղջիւրաւոր անկիւնները սեղանի հետ միաձոյլ թող լինեն: 3Մաքուր ոսկով կը պատես այն, ինչպէս նաեւ դրա կասկարան, չորս եզերքներն ու եղջիւրաւոր անկիւնները: Դրա շուրջբոլորը ոսկէ պսակ կը պատրաստես: 4Պսակի ներքեւի մասում, երկու կողմերին մաքուր ոսկուց երկուական օղակներ կը պատրաստես: 5Դրանք կ՚ամրացնես նրա երկու կողմերին, որպէսզի լծակները օղակների մէջ անցկացնելով կարելի լինի բարձրացնել խնկարկութեան սեղանը: 6Լծակները կը պատրաստես կարծր փայտից ու դրանք կը պատես ոսկով: 7Խնկարկութեան սեղանը կը դնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան դիմաց), ուր ես երեւալու եմ քեզ: 8Ահարոնը դրա վրայ, իբրեւ կարգ, ամէն առաւօտ մանր աղացած խունկ թող ծխի. թող խունկ ծխի դրա վրայ երբ կանթեղներն է պատրաստում: 9Երբ Ահարոնը երեկոյեան վառի կանթեղները, Տիրոջ առաջ, խնկարկութեան սեղանի վրայ միշտ խունկ թող ծխի: Դա նրանց ազգի մէջ խնկարկութեան մշտնջենական կարգ թող լինի: 10Խնկարկութեան սեղանի վրայ օտար խունկ մի՛ ծխէք, ողջակէզներ, ուտուելիք ու խմուելիք ընծաներ մի՛ մատուցէք: 11Ահարոնը տարին մէկ անգամ խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւնների վրայ քաւութեան ծէս պէտք է անի. նա այն պէտք է մաքրի մեղքերի քաւութեան համար զոհուող կենդանու արեամբ: Նրա սերունդները տարին մէկ անգամ թող սրբագործեն այն, որովհետեւ դա Տիրոջ սրբութիւնների սրբութիւնն է»: 12Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Երբ Իսրայէլի որդիների թիւն իմանալու համար մարդահամար կը կատարես, նրանք Տիրոջը պէտք է տան իրենց հոգու փրկագինը՝ ըստ իրենց անձերի թուի: Մարդահամարի ժամանակ մահացութեան դէպքեր չպիտի լինեն: 13Մարդահամարի ենթարկուողները պէտք է փրկագին վճարեն սրբարանի երկդրամեանի կէսը: Երկդրամեանը քսան դանգի է հաւասար: Երկդրամեանի կէսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը: 14Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կ՚անցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է վճարեն: 15Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը, որպէսզի դա ձեզ համար քաւութիւն լինի: 16Որպէս տուրք Տիրոջ հասանելիք դրամը կը վերցնես Իսրայէլի որդիներից եւ այն կը յատկացնես վկայութեան խորանի սպասաւորութեանը: Դա Տիրոջ առաջ Իսրայէլի որդիների համար յիշատակ կը լինի ի քաւութիւն նրանց»: 17Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 18«Պղնձէ լուացարան պատրաստի՛ր: Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ: Այն կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ: Դրա մէջ ջուր կը լցնես: 19Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կը լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը. 20երբ մտնեն վկայութեան խորանը, ջրով թող լուացուեն, որպէսզի չմեռնեն: Կամ երբ պաշտամունք կատարելու եւ Տիրոջը ողջակէզներ մատուցելու համար մօտենան զոհասեղանին, 21թող լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպէսզի չմեռնեն: Դա նրանց համար, նրա եւ նրանից յետոյ գալիք նրա յետնորդների համար յաւիտենական կարգ թող լինի»: 22Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 23«Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր կինամոն, երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր խնկեղէգ, 24հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ: 25Դրանցից կը պատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում: Այն սուրբ օծութեան համար իւղ թող լինի: 26Դրանով կ՚օծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը, 27զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը, 28ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը: 29Կը սրբագործես դրանք, եւ դրանք կը լինեն սրբութիւնների սրբութիւն: Ամէն ոք, որ դիպչի դրան, կը մաքրուի: 30Կ՚օծես Ահարոնին ու նրա որդիներին, կը սրբագործես նրանց, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն: 31Կը խօսես Իսրայէլի որդիների հետ ու կ՚ասես. «Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի: 32Մարդու մարմնին թող չքսուի այն: Ձեզ համար նոյն բաղադրութեամբ նման բան չպատրաստէք, որովհետեւ դա սրբութիւն է եւ ձեզ համար սրբութիւն էլ թող մնայ: 33Ով այդպիսի բան պատրաստի, եւ ով դրանից օտարականի տայ, թող վերանայ իր ժողովրդի միջից»: 34Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հաւասար լինեն: 35Դրանք իրար խառնելով՝ մաքուր, սուրբ խունկ կը պատրաստես, ինչպէս վարպետ իւղագործներն են պատրաստում: 36Դրանք մանր կ՚աղաս եւ կը դնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ: Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբութիւնների սրբութիւն թող լինի: 37Ձեզ համար նոյն բաղադրութեամբ խունկ մի՛ պատրաստէք, որովհետեւ դա ձեզ համար սրբութիւն պիտի լինի Տիրոջ առաջ: 38Այն մարդը, որ հոտոտելու համար այս բաղադրութեամբ խունկ կը պատրաստի, կը վերանայ իր ժողովրդի միջից»:
Copyright information for ArmEastern