‏ Exodus 34

1Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լեռը բարձրացի՛ր: Տախտակների վրայ կը գրեմ այն պատգամները, որ արձանագրուած էին քո ջարդուփշուր արած նախկին տախտակների վրայ: 2Պատրա՛ստ եղիր վաղը, որ վաղ առաւօտեան բարձրանաս Սինա լեռը եւ այնտեղ ինձ սպասես լերան գագաթին: 3Հետդ ոչ ոք թող չբարձրանայ, ոչ ոք ամենեւին չերեւայ լերան վրայ: Արջառ ու ոչխար չարածեն լերան մօտ»: 4Մովսէսը նախկինների նմանութեամբ քարէ երկու տախտակներ կոփեց: Առաւօտեան վեր կենալով՝ Մովսէսը բարձրացաւ Սինա լեռը, ինչպէս Տէրն էր հրամայել նրան: Մովսէսն իր հետ վերցրեց քարէ երկու տախտակները: 5Տէրն իջաւ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տէր: 6Տէրն անցաւ Մովսէսի առաջ՝ ասելով. «Տէր Աստուած եմ, գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ 7արդարութիւնն է պաշտպանում, իր ողորմածութիւնն է ցուցաբերում հազարաւոր սերունդների հանդէպ, վերացնում անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, մեղաւորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների եւ որդիների որդիների վրայ մինչեւ երրորդ ու չորրորդ ս»րունդը»: 8Մովսէսն իսկոյն խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց 9ու ասաց. «Տէ՛ր, եթէ քո շնորհին եմ արժանացել, ուրեմն իմ Տէրը մեզ հետ թող գնայ, որովհետեւ այս ժողովուրդը կամակոր է: Դու կը ներես մեր անօրէնութիւններն ու մեղքերը, եւ մենք կը լինենք քոնը»: 10Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում: Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրայ եւ բոլոր ազգերի մէջ չեն կատարուել: Ամբողջ ժողովուրդը, նրանց թւում նաեւ դու, ականատես պիտի լինէք Տիրոջ գործերին: Որովհետեւ ձեզ համար »ս զարմանահրաշ գործ»ր պիտի ան»մ: 11Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր: Ես, ահա, ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խեւացիներին, գերգեսացիներին ու յեբուսացիներին: 12Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու: Չլինի թէ գայթակղուէք: 13Քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները: 14Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է: 15Չլինի թէ ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան, զոհեր մատուցեն նրանց աստուածներին, եւ նրանց հրաւէրն ընդունելով՝ չլինի թէ դու էլ ուտես նրանց զոհաբերած անասունների մսից, 16քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնութեան տաս նրանց տղաներին, քո դուստրերը նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու պոռնկացնեն նաեւ քո՛ տղաներին՝ աստուածներին պաշտամունք մատուցելով: 17Քեզ համար աստուածների կուռքեր չձուլես: 18Կը պահես Բաղարջակերաց տօնը. նոր բերք քաղելու ամսին, ինչպէս պատուիրել եմ քեզ, եօթը օր բաղարջ հաց կ՚ուտես, քանի որ նոր բերք քաղելու ամսին ես դուրս եկել Եգիպտոսից: 19Ինձ պիտի պատկանեն բոլոր մարդկանց անդրանիկ արու զաւակները, 20նաեւ՝ քո անասունների՝ արջառի ու ոչխարի առաջնածին արուները: Էշի առաջնածինին կը փոխանակես գառով, իսկ եթէ չփոխանակես այն, ինձ կը տաս դրա փոխարժէքը: Քո որդիների բոլոր անդրանիկների փրկագինը կը տաս ինձ: Իմ առաջ ձեռնունայն չերեւաս: 21Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը հանգստանաս: Կը հանգստանաս նաեւ ցանքի ու հնձի ժամանակ: 22Եօթնօրեակի տօնը ինձ համար կը կատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահաւաքի տօնը՝ տարուայ կէսին: 23Տարին երեք անգամ քո բոլոր արու երեխաները թող ներկայանան Իսրայէլի տէր Աստծուն, 24որովհետեւ ես ազգեր պիտի հեռացնեմ քո մօտից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, ոչ ոք աչք չպիտի ունենայ քո երկրի վրայ, եթէ տարուայ մէջ երեք անգամ ներկայանաս տէր Աստծուն: 25Ինձ զոհաբերած անասունի արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ: 26Քո երկրի առաջին բերքը կը տանես քո տէր Աստծու տունը:Գառը իր մօր կաթի մէջ չեփես»: 27Տէրն այնուհետեւ ասաց Մովսէսին «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետեւ այդ խօսքերով եմ ես ուխտ կապում քեզ հետ եւ Իսրայէլի հետ»: 28Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր: Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի խօսքերը՝ տասը պատուիրանները: 29Երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռից, ուխտի երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին: Լեռից իջնելիս Մովսէսը չգիտէր, որ Տիրոջ հետ խօսելու պատճառով իր երեսը ճառագում է: 30Ահարոնն ու բոլոր իսրայէլացիները, տեսնելով Մովսէսի ճառագող երեսը, վախեցան մօտենալ նրան: 31Մովսէսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին նրա մօտ, եւ Մովսէսը խօսեց նրանց հետ: 32Ապա նրան մօտեցան բոլոր իսրայէլացիները, եւ Մովսէսը պատմեց նրանց այն ամէնը, ինչ Տէրը խօսել էր իր հետ Սինա լերան վրայ: 33Երբ Մովսէսը նրանց հաղորդած իր խօսքը վերջացրեց, երեսը ծածկեց քօղով: 34Երբ Մովսէսը Տիրոջ հետ խօսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քօղը մինչեւ այնտեղից հեռանալը: Եւ երբ հեռանում էր այնտեղից, նա բոլոր իսրայէլացիներին հաղորդում էր այն, ինչ Տէրը հրամայել էր իրեն: 35Իսրայէլացիները տեսնում էին, որ Մովսէսի երեսը ճառագում է: Մովսէսն այն ժամանակ քօղով ծածկում էր երեսը մինչեւ խօսելու համար նրա մօտ մտնելը:
Copyright information for ArmEastern