Exodus 35
1Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել. 2«Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը: Ով որ այդ օրն աշխատի, կը մեռնի: 3Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»: 4Մովսէսը, դիմելով իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով. 5«Դուք ձեր մէջ տուրք հաւաքեցէ՛ք Տիրոջ համար: Ում սրտով ինչ անցնի, այն թող նուիրի Տիրոջը. ոսկի, արծաթ, պղինձ, կապոյտ, 6ծիրանի եւ կրկնակի կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 7խոյի կարմիր ներկուած մորթի, կապոյտ ներկուած մորթիներ, կարծր փայտեր, 8լուսաւորութեան համար ձէթ, օծութեան իւղի համար համեմունքներ, խնկի բաղադրամասեր, 9սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, վակասի եւ երկարաւուն պատմուճանի համար քարեր»: 10«Ձեր միջի խելահասները թող գան ու անեն այն ամէնը, ինչ պատուիրել է Տէրը. 11վրանն ու նրա ծածկը, նրա ծոպաւոր վարագոյրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա մոյթերն ու խարիսխները, 12վկայութեան տապանակը, նրա լծակները, կափարիչը, քօղը, բակի առագաստն ու նրա մոյթերը, զմրուխտ քարերը, խնկերը, օծութեան իւղը, 13զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, զոհասեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 14լոյսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսաւորութեան ձէթը, 15խնկարկութեան սեղանն ու նրա լծակները, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, վրանի դռան վարագոյրը, 16ողջակէզների զոհասեղանն ու նրա պղնձէ կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, 17աւազանն ու նրա պատուանդանը, բակի առագաստը, նրա մոյթերն ու խարիսխները, 18բակի դռան առագաստը, վրանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները, 19այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայութեան զգեստները»: 20Բոլոր իսրայէլացիները գնացին Մովսէսի մօտից, 21եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա կահաւորանքի, բոլոր սրբազան զգեստների համար: 22Բոլոր տղամարդիկ, ում մտքով ինչ որ անցնում էր, բերեցին: Ոմանք՝ իրենց կանանց թանկագին քարերը, գինդերը, մատանիները, ծամակալները, մանեակներն ու ամէն տեսակ ոսկէ զարդեր: Բոլոր տղամարդիկ իրենց ունեցած ոսկէ իրերը նուիրաբերում էին Տիրոջը: 23Ամէն տղամարդ, ում մօտ կային կապոյտ, ծիրանի եւ կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ, բերում էր: 24Նուիրաբերողները արծաթէ ու պղնձէ նուէրներ էին բերում Տիրոջը: Ում մօտ կահոյքի համար պիտանի կարծր փայտ կար, բերում էր: 25Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապոյտ, ծիրանի ու կարմիր գոյնի թելեր ու բեհեզ էին հիւսում եւ նուէր բերում: 26Բոլոր կանայք յօժարակամ այծերի մազ էին մանում հմտութեամբ: 27Ցեղապետները բերում էին զմրուխտէ քարեր, վակասի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր, 28խնկերի համար համեմունքներ, լուսաւորութեան համար ձէթ ու օծութեան իւղ: 29Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի միջոցով: Իսրայէլացիները նուէրներ էին մատուցում Տիրոջը: 30Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին էր Ովրի: 31Աստուած նրան լցրել է ամէն ինչի համար անհրաժեշտ աստուածային իմաստութեան ոգով, հանճարով եւ գիտութեամբ, 32որպէսզի նա ամէն մի գործ կատարի հմտութեամբ, մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, 33տաշի թանկարժէք քարերը, մշակի փայտը եւ ամէն մի գործ կատարի վարպետօրէն, որովհետեւ Տէրը նրան իմաստութիւն է պարգեւել, 34ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին, 35որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր՝ ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով եւ բեհեզով, նկարեն, քանդակեն»:
Copyright information for
ArmEastern