Exodus 39
1Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն: Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 2Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով: 3Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով: Նկարազարդ վակասի համար պատրաստեցին փոկեր, 4որպէսզի այն ամրացնեն երկու կողմից: 5Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 6Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, ինչպէս կնիքներն են փորագրում, եւ դրանք ամրացրեցին վակասի վրայ: 7Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին: 8Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել: 9Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն: 10Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք: Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ: Դա առաջին շարքն էր: 11Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս: 12Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ: 13Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած: 14Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին: Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու ցեղերից իւրաքանչիւրի անունների: 15Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ: 16Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին: 17Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մէջ: Լանջապանակը դրեցին վակասի ուսերին՝ երեսի կողմից իրար դէմ դիմաց: 18Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին: Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ դրեցին վակասի երկու ուսերին՝ ներսի կողմից՝ վակասի առջեւի միացման տեղում: 19Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ լանջապանակն ու վակասը միմեանցից չառանձնանան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 20Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին: 21Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր: 22Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին: 23Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի միջեւ: 24Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց: Քահանաները պաշտամունք կատարելիս այդ զգեստները պէտք է հագնէին, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 25Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար, 26ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր, 27բեհեզէ անդրավարտիք: 28Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 29Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»: 30Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 31Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը: Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին: Նուէրներից աւելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում: 32Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները, 33խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները, 34կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը, 35լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 36սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը, 37ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, 38վրանի դռան վարագոյրը, վրանը, 39պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու խարիսխները, 40վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը, 41սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան համար նախատեսուած զգեստները: 42Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին: 43Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել: Եւ Մովսէսն օրհնեց նրանց:
Copyright information for
ArmEastern