‏ Exodus 6

1Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կը տեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին: Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց, եւ բարձրացուած բազուկով նրանց պիտի հանի նաեւ իր երկրից»: 2Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը: 3Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի: 4Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին: 5Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը: 6Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. «Ե՛ս եմ Տէրը: Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց, ձեզ ազատելու եմ իմ հզօր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով: 7Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը: Դուք պիտի գիտենաք, որ ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից 8եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»: 9Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով: 10Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ, 11որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»: 12Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի: Ես ճարտարախօս չեմ»: 13Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից: 14Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբէնի ազգատոհմն է: 15Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել: Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են: 16Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի: Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթը տարի: 17Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով: 18Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը: Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի: 19Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին: Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի: 20Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբեէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին: Ամրամն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: 21Սահառի որդիներն են՝ Կորխը, Նափեգն ու Զեքրին: 22Ոզիէլի որդիներն են՝ Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին: 23Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ: Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին: 24Կորխի որդիներն են՝ Ասիրը, Եղկանան ու Բիասափը: Սրանք Կորխի յետնորդներն են: 25Ահարոնի որդի Եղիազարը ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենեէսին: Սրանք են ղեւտացիների ընտանիքների առաջնորդները ըստ իրենց ցեղերի: 26Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից: 27Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին: 28Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ՝ 29ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը: Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»: 30Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կը լսի»:
Copyright information for ArmEastern