Genesis 1
1Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: 2Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ: 3Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ: 4Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: 5Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին: 6Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս: 7Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից: 8Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ: 9Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը: 10Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է: 11Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս. 12հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց: Աստուած տեսաւ, որ լաւ է: 13Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ: 14Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, 15թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս: 16Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր: 17Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, 18ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է: 19Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ: 20Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս: 21Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է: 22Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»: 23Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ: 24Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս: 25Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են: 26Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 29Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, 30իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս: 31Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:
Copyright information for
ArmEastern