Genesis 11
1Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում: 2Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ: 3Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ: 4Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»: 5Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները: 6Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: 7Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»: 8Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց: 9Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ: 10Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին: 11Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 12Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին: 13Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 14Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին: 15Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 16Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին: 17Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 18Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին: 19Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 20Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին: 21Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 22Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին: 23Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ: 24Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային: 25Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ: 26Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին: 27Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին: 28Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում: 29Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր: 30Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում: 31Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ: 32Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ:
Copyright information for
ArmEastern