Genesis 15
1Այս դէպքերից յետոյ Աբրամը երազում լսեց Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը չափազանց շատ պիտի լինի»: 2Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի եմ կորչում, եւ ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»: 3Աբրամն աւելացրեց. «Քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»: 4Նրան իսկոյն հասաւ Աստծու ձայնը, որն ասում էր. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»: 5Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»: 6Աբրամը հաւատաց Աստծուն, եւ այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց: 7Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»: 8Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»: 9Աստուած ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ եւ աղաւնի»: 10Աբրամն առաւ այդ ամէնը, կտրեց մէջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, իսկ թռչունները չկտրատեց: 11Գիշակեր թռչուններ էին իջնում դրանց կտրտուած մարմինների վրայ, բայց Աբրամը հսկում էր կտրտուած մարմինները: 12Արեւի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մէջ ընկաւ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը: 13Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում: Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի, 14բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց: Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ: 15Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով: 16Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»: 17Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով: 18Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը, 19նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները, 20քետացիները, փերեզացիները, ռափիմացիները, 21ամորհացիները, քանանացիները եւ յեբուսացիները»:
Copyright information for
ArmEastern