Genesis 17
1Երբ Աբրամը իննսունինը տարեկան եղաւ, Տէր Աստուած երեւաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստուածը, հնազա՛նդ եղիր ինձ, եղի՛ր անարատ: 2Ուխտ եմ դնելու իմ եւ քո միջեւ. ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը»: 3Աբրամը երկրպագեց, իսկ Աստուած, դիմելով նրան, ասաց. 4«Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը. բազում ազգերի նախահայր պիտի դառնաս: 5Սրանից յետոյ քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետեւ բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ: 6Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ, թագաւորներ պիտի ծնուեն քեզնից: 7Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ եւ քո միջեւ, քեզնից յետոյ գալիք քո սերունդների ու նրանց ցեղերի միջեւ որպէս յաւիտենական ուխտ, որով ես եմ լինելու քո եւ քեզնից յետոյ գալիք սերունդների Աստուածը: 8Քեզ ու քո սերունդներին իբրեւ յաւիտենական սեփականութիւն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակւում ես պանդխտութեան մէջ, Քանանացիների ամբողջ երկիրը: Ես լինելու եմ նրանց Աստուածը, 9իսկ դու եւ քեզնից յետոյ գալիք քո զաւակները, սերնդից սերունդ, պէտք է պահէք իմ ուխտը: 10Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ: 11Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը: 12Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը: 13Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի: 14Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»: 15Աստուած ասաց Աբրահամին. «Քո կին Սարայի անունն այլեւս Սարա թող չլինի, այլ Սառա թող լինի նրա անունը: 16Ես կ՚օրհնեմ նրան եւ նրա միջոցով քեզ զաւակ կը պարգեւեմ, ես կ՚օրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կը դառնայ, նրանից ցեղերի թագաւորներ կը ծնուեն»: 17Աբրահամը երկրպագեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարիւր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամեայ Սառան կարո՞ղ է ծնել»: 18Աբրահամն ասաց Աստծուն. «Այս Իսմայէլը թող ապրի քո առաջ»: 19Աստուած պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է բերելու, եւ իմ ուխտը, որպէս յաւիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից յետոյ գալիք սերունդների հետ: 20Ինչ վերաբերում է Իսմայէլին, ապա ընդառաջում եմ քեզ: Նրան կ՚օրհնեմ, նրան կ՚աճեցնեմ եւ անչափ կը բազմացնեմ նրա սերունդները: Նա տասներկու ազգ է սերելու, եւ նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու, 21բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին կը ծնի Սառան քեզ համար միւս տարի այս ժամանակ»: 22Աստուած վերջացրեց իր խօսքը Աբրահամի հետ եւ հեռացաւ նրա մօտից: 23Աբրահամը իր որդի Իսմայէլի, իր բոլոր ընդոծինների, արծաթով գնուած իր բոլոր ստրուկների եւ Աբրահամի տանն եղած բոլոր արու մարդկանց թլիփը նոյն օրն իսկ թլփատեց, ինչպէս ասել էր նրան Աստուած: 24Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը, 25իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատուեց նրա թլիփը: 26Այդ օրը թլփատուեցին Աբրահամն ու իր որդի Իսմայէլը: 27Նա թլփատեց իր տան բոլոր տղամարդկանց՝ ընդոծիններ լինեն նրանք թէ արծաթով գնուած օտարածին ստրուկներ:
Copyright information for
ArmEastern