‏ Genesis 19

1Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ: Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց. 2«Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ: Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»: Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքի հրապարակում կը գիշերենք»: 3Ղովտը նրանց շատ ստիպեց, եւ նրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը: Ղովտը ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց եփեց նրանց համար, եւ նրանք կերան: 4Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչեւ ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը, 5Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան: Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»: 6Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից: 7Նա նրանց ասաց. «Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը: 8Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել: Բերեմ նրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ»: 9Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց: Դու մեր երկիրը մտար իբրեւ պանդուխտ բնակուելու. միթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել: Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»: Նրանք շատ էին բռնանում այդ մարդու՝ Ղովտի վրայ, եւ քիչ էր մնացել, որ ջարդէին դուռը: 10Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մօտ՝ տուն քաշեցին եւ տան դռները փակեցին, 11դռան մօտ գտնուող մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը կուրացրին, եւ սրանք յոգնեցին դուռը փնտռելուց: 12Այդ մարդիկ Ղովտին հարցրին. «Այս քաղաքում դու փեսայ, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որեւէ մէկն ունե՞ս: Հանի՛ր նրանց այս վայրից, 13որովհետեւ մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց աղաղակը հասել է Տիրոջը, եւ Տէրը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»: 14Ղովտը գնաց իր փեսացուների մօտ, որոնք առնելու էին իր դուստրերին, եւ ասաց նրանց. «Հեռացէ՛ք այստեղից, որովհետեւ Տէրը կործանելու է այս քաղաքը»: Փեսացուներին թուաց, թէ նա կատակ է անում: 15Երբ լոյսը բացուեց, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Ա՛ռ քո կնոջը, երկու դուստրերիդ եւ հեռացի՛ր այստեղից, որ դու էլ չկորչես այս քաղաքի անօրէնութեան մէջ»: 16Նրանք իրար անցան. եւ քանի որ Տէրը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքերից եւ քաղաքից դուրս հանեցին: 17Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում: Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»: 18Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տէ՛ր, 19թէեւ իմ անձին փրկութիւն պարգեւելով դու ողորմեցիր քո ծառային եւ նրա հանդէպ ցուցաբերեցիր քո մեծ արդարութիւնը, բայց ես չեմ կարող փախչել լեռը, որովհետեւ գուցէ ինձ էլ հասնի փորձանքը, եւ ես մեռնեմ: 20Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել: Չէ՞ որ այն փոքր է: Քո շնորհիւ ես կը փրկուեմ»: 21Տէրն ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ ու քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր: 22Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետեւ ոչինչ անել չեմ կարող. մինչեւ որ դու այնտեղ հասնես»: Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգոր: 23Արեւ ծագեց երկրի վրայ, եւ Ղովտը մտաւ Սեգոր: 24Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ, 25կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը: 26Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան: 27Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ, 28նայեց սոդոմացիների ու գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը եւ տեսաւ, թէ ինչպէս երկրի բոցը բարձրանում է հնոցի ծխի պէս: 29Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել: 30Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում: Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը: Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում: 31Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է: 32Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք»: 33Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր: Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը: 34Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. «Ես երէկ պառկեցի իմ հօր հետ: Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դու մտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից»: 35Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօր հետ: Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը: 36Ղովտի երկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից: 37Աւագը ծնեց որդի եւ նրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից»: Նա է մովաբացիների նախահայրը մինչեւ այսօր: 38Կրտսերը նոյնպէս ծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմ ազգատոհմի որդի»: Նա է ամոնացիների նախահայրը մինչեւ այսօր:
Copyright information for ArmEastern