Genesis 23
1Սառան դարձաւ հարիւր քսանեօթը տարեկան: 2Նա մեռաւ կիրճի մէջ գտնուող Արբոկ քաղաքում: Սա Քանանացիների երկրում գտնուող Քեբրոնն է: Աբրահամը եկաւ, որ ողբայ ու սգայ Սառայի մահը: 3Աբրահամը հեռացաւ իր հանգուցեալի մօտից եւ դիմելով Քետի որդիներին՝ ասաց. 4«Ես ձեր մէջ պանդուխտ ու օտարական եմ: Արդ, որպէս սեփականութիւն ինձ մի գերեզմանի հող տուէ՛ք ձեզ մօտ, որ թաղեմ իմ հանգուցեալին»: 5Քետի որդիները պատասխան տուեցին Աբրահամին՝ ասելով. 6«Լսի՛ր մեզ, տէ՛ր: Դու մեր մէջ Աստծու նշանակած թագաւորն ես: Քո հանգուցեալին թաղի՛ր մեր լաւագոյն գերեզմաններից մէկում, որովհետեւ մեզնից ոչ մէկը չի հրաժարուի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»: 7Աբրահամը ելաւ եւ գլուխ տուեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին: 8Աբրահամը նրանց դիմելով՝ ասաց. «Եթէ դուք յօժար էք, որ իմ հանգուցեալին ես անձամբ թաղեմ, լսեցէ՛ք ինձ եւ իմ մասին բարեխօսեցէ՛ք Սահառի որդի Եփրոնին, 9որ ինձ տայ իր ագարակի սահմաններում գտնուող զոյգ քարայրը այնքան արծաթով, որքան արժէ այն: Թող այն ձեր ներկայութեամբ ինձ տայ որպէս շիրմավայր»: 10Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում: Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու բոլոր նրանց, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով, 11ասաց. «Նայի՛ր ինձ, տէ՛ր, եւ լսի՛ր ինձ: Ագարակը տալիս եմ քեզ, քեզ եմ տալիս նաեւ այնտեղ գտնուող քարայրը: Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայութեամբ այն քեզ եմ յանձնում: Թաղի՛ր քո հանգուցեալին»: 12Աբրահամը գլուխ տուեց երկրի ժողովրդի առաջ, 13Եփրոնի հետ խօսեց ի լուր երկրի ժողովրդի եւ ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ: Ես քեզ կը տամ ագարակի փոխարժէքը: Վերցրո՛ւ այն ինձնից, եւ ես այնտեղ կը թաղեմ իմ հանգուցեալին»: 14Եփրոնն Աբրահամին պատասխանեց եւ ասաց. 15«Ո՛չ, տէ՛ր իմ, լսել եմ, որ հողամասը չորս հարիւր սատեր արծաթ արժէ: Դա ի՞նչ է որ իմ ու քո միջեւ: Դու թաղի՛ր քո հանգուցեալին»: 16Աբրահամը Եփրոնին լսելուց յետոյ կշռեց եւ նրան վճարեց չորս հարիւր սատեր արծաթը, ինչպէս խոստացել էր ի լուր Քետի որդիների, վաճառականների մօտ ընդունուած գնով: 17Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը, ագարակի եւ նրա շրջակայքի բոլոր ծառերը դարձան Աբրահամի սեփականութիւնը, 18Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով: 19Դրանից յետոյ Աբրահամն իր կին Սառային թաղեց ագարակի զոյգ քարայրում, որ Մամբրէի կաղնու դիմաց էր գտնւում, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանացիների երկրում: 20Ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը Քետի որդիների կողմից տրուեցին Աբրահամին իբրեւ նրա սեփական գերեզմանոց:
Copyright information for
ArmEastern