‏ Genesis 24

1Աբրահամը ծերացել էր, տարիքն առել: Եւ Տէրն օրհնեց Աբրահամին ըստ ամենայնի: 2Աբրահամն ասաց իր տան աւագագոյն ծառային՝ իր ամբողջ ունեցուածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ եւ 3քեզ երդուեցնեմ Տիրոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակւում ես), 4այլ կը գնաս այն երկիրը, որտեղ ծնուել եմ, իմ տունը, եւ այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կ՚առնես»: 5Ծառան նրան պատասխանեց. «Գուցէ կինը չցանկանայ ինձ հետ գալ այս երկիրը: Այդ դէպքում ես տանե՞մ քո որդուն այն երկիրը, որտեղ ծնուել ես դու»: 6Աբրահամն ասաց. «Զգո՛յշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես: 7Երկնքի Տէր Աստուածը եւ երկրի Տէր Աստուածը, որն ինձ հանեց իմ հօր տնից ու այն երկրից, ուր ծնուել եմ, որը խօսեց ինձ հետ, երդուեց ինձ ու ասաց, թէ՝ «Քո սերունդներին եմ տալու այդ երկիրը», նա իր հրեշտակին կ՚ուղարկի քո առաջ, եւ այնտեղից կին կ՚առնես իմ որդի Իսահակի համար: 8Իսկ եթէ կինը չուզենայ քեզ հետ գալ այս երկիրը, քո տուած երդումից անպարտ համարուես, միայն թէ իմ որդուն այնտեղ չվերադարձնես»: 9Աբրահամի ծառան ձեռքը դրեց իր տիրոջ ազդրի տակ եւ երդուեց նրան այդ բանի համար: 10Ծառան առաւ իր տիրոջ ուղտերից տասը ուղտ եւ գնաց՝ իր հետ ունենալով իր տիրոջ բոլոր բարիքներից: Նա ելաւ գնաց Միջագետք, Նաքորի քաղաքը: 11Երեկոյեան ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս, ջրհորի մօտ այն պահին, երբ ջրուորը դուրս է գալիս ջրի: 12Նա ասաց. «Իմ տէր Աբրահամի Տէր Աստուած, այսօր ինձ յաջողութիւն պարգեւի՛ր եւ ողորմի՛ր իմ տէր Աբրահամին: 13Ահա ես ջրի աղբիւրի մօտ եմ, եւ այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու: 14Թող լինի մի կոյս, որին ասեմ՝ «Թեքի՛ր սափորդ, որ խմեմ», իսկ նա ինձ պատասխանի՝ «Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կը տամ, մինչեւ որ յագենան խմելուց»: Թող նրան էլ նախատեսած լինես քո ծառայ Իսահակի համար, եւ դրանով էլ իմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տէր Աբրահամի նկատմամբ»: 15Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խօսքը, երբ եկաւ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդի Բաթուէլի դուստրն էր: Նա ուսին սափոր ունէր: 16Կոյսը դէմքով շատ գեղեցիկ էր, մի աղջիկ, որին դեռ տղամարդ չէր մօտեցել: Նա իջաւ աղբիւրի մօտ, լցրեց իր սափորն ու ելաւ: 17Ծառան ընդառաջ գնաց նրան ու ասաց. «Այդ սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»: 18Նա պատասխանեց. «Խմի՛ր, տէ՛ր»: Նա իր սափորը փութով իջեցրեց իր թեւերի վրայ, 19ջուր տուեց նրան, մինչեւ որ դադարեց խմելուց: Ապա աւելացրեց. «Քո ուղտերի համար էլ ջուր կը հանեմ, այնքան, որ բոլորն էլ յագենան»: 20Նա սափորի ջուրն իսկոյն թափեց գուռի մէջ եւ նորից գնաց ջրհորը՝ ջուր հանելու: Նա նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց: 21Մարդն ուշադիր հետեւում էր նրան ու լուռ մտածում, թէ Տէրը կը յաջողեցնի՞ իր գործը, թէ՞ ոչ: 22Երբ բոլոր ուղտերը յագեցան, մարդը նրան տուեց ոսկէ գինդեր՝ իւրաքանչիւրը մէկ դահեկանի քաշով, եւ տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին: 23Նա հարցրեց նրան ու ասաց. «Ու՞մ դուստրն ես դու, յայտնի՛ր ինձ, քո տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ»: 24Սա պատասխանեց նրան. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»: 25Ապա աւելացրեց. «Յարդ ու խոտ շատ ունենք, նաեւ իջեւանելու տեղ»: 26Մարդն ուրախացաւ, երկրպագեց Աստծուն եւ ասաց. 27«Օրհնեալ է իմ տէր Աբրահամի Տէր Աստուածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարութիւնից ու ճշմարտութիւնից: Տէրն ինձ յաջողութիւն պարգեւեց իմ տիրոջ եղբօր տանը»: 28Գնաց աղջիկն ու կատարուածի մասին պատմեց իր մօր տանը: 29Ռեբեկան ունէր Լաբան անունով մի եղբայր: Լաբանը գնաց դուրս՝ դէպի աղբիւրը, այդ մարդու մօտ: 30Երբ նա տեսաւ գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները, եւ իր քոյր Ռեբեկայից լսած լինելով, թէ՝ «Այսպէս խօսեց ինձ հետ այդ մարդը», 31մօտեցաւ մարդուն, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին, աղբիւրի մօտ, եւ ասաց նրան. «Արի տուն մտի՛ր, Տիրոջով օրհնեալ, ինչո՞ւ ես մնացել դրսում: Ես քեզ համար տուն եւ քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»: 32Մարդը մտաւ տուն, իսկ Լաբանը ուղտերի վրայից հանեց թամբերը: Ուղտերին յարդ ու խոտ տուեցին եւ ջուր՝ նրա ու նրա հետ եկածների ոտքերը լուալու համար: 33Նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն: Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչեւ չասեմ ասելիքս»: Նրանք ասացին. «Խօսի՛ր»: 34Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ: 35Տէրը մեծապէս օրհնեց իմ տիրոջը, եւ նա մեծ մարդ դարձաւ: Աստուած նրան արջառ ու ոչխար, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր տուեց: 36Սառան՝ իմ տիրոջ կինը, ծերունական հասակում գտնուող իմ տիրոջը պարգեւեց մի որդի, որին իմ տէրը յանձնեց այն ամէնը, ինչ ունէր: 37Իմ տէրն ինձ երդուեցնելով ասաց. «Իմ որդի Իսահակի համար քանանացիների աղջիկներից կին չառնես, այն քանանացիների, որոնց երկրում ես պանդխտեցի, 38այլ կը գնաս իմ հօր տունը, իմ տոհմի մէջ եւ այնտեղից կին կը բերես իմ որդու համար»: 39Ես իմ տիրոջն ասացի. «Գուցէ կինն ինձ հետ չգայ»: 40Նա ասաց ինձ. «Իմ Տէր Աստուածը, որի հանդէպ վարուեցի այնպէս, ինչպէս հաճոյ էր նրան, քեզ հետ կ՚ուղարկի իր հրեշտակին, կը յաջողեցնի քո գործը, եւ դու իմ որդու համար կին կ՚առնես իմ ազգից ու իմ հօր տնից: 41Ա՛յն ժամանակ դու ազատուած կը լինես իմ նզովքից: Իսկ եթէ գնաս իմ տոհմի մէջ, եւ կին չտան, ինձ տուած երդումից ազատ կը լինես»: 42Երբ այսօր աղբիւրի մօտ եկայ, ասացի. «Իմ տէր Աբրահամի Տէր Աստուած, եթէ յաջողեցնելու ես իմ գործը, որի համար ես այժմ եկել եմ, 43ահա հասել եմ ջրի աղբիւրի մօտ, եւ քաղաքի մարդկանց դուստրերը գալիս են ջուր հանելու: Եւ այն կոյսը, որին ասեմ, թէ՝ ՚ Քո սափորից մի քիչ ջուր տո՛ւր խմելու», 44եւ նա ասի ինձ, թէ՝ ՚ Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կը հանեմ», նա էլ կը լինի այն կինը, որին նախատեսել է Տէրը իր ծառայ Իսահակի համար, որովհետեւ դրանից էլ կ՚իմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տէր Աբրահամի նկատմամբ»: 45Դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խօսքը, երբ իսկոյն երեւաց Ռեբեկան: Նա իր ուսին սափոր ունէր: Նա իջաւ աղբիւրը եւ ջուր հանեց: Ես ասացի նրան. «Ինձ ջուր տո՛ւր խմելու»: 46Նա իր ուսից փութով իջեցրեց սափորն ու ասաց. «Դու խմի՛ր, յետոյ քո ուղտերին էլ ջուր կը տամ»: Ես խմեցի, եւ նա իմ ուղտերին էլ ջուր տուեց: 47Ես նրան հարցրի ու ասացի. «Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ»: Նա պատասխանեց. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»: Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին եւ ուրախացայ, 48երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի իմ տէր Աբրահամի Տէր Աստծուն, որ յաջողութիւն պարգեւեց իմ ազնիւ գործին՝ իմ տիրոջ եղբօր աղջկան կին առնելու նրա որդու համար: 49Արդ, եթէ իմ տիրոջ նկատմամբ շնորհ եւ արդար գործ էք անելու, ասացէ՛ք ինձ: 50Իսկ եթէ ոչ, ցո՛յց տուէք ինձ, ա՞ջ գնամ, թէ՞ ձախ»: Պատասխան տուեցին Լաբանն ու Բաթուէլը եւ ասացին. «Տէրն է այսպէս կարգադրել, մենք չենք կարող դրական կամ բացասական պատասխան տալ: 51Ահա Ռեբեկան առաջդ կանգնած է, ա՛ռ եւ գնա՛: Նա թող լինի քո տիրոջ որդու կինը, ինչպէս կարգադրել է Տէրը»: 52Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խօսքերը, երկրպագեց Տիրոջը: 53Ծառան հանեց ոսկէ ու արծաթէ զարդեր եւ զգեստներ, տուեց Ռեբեկային: Նա նուէրներ տուեց նաեւ նրա եղբայրներին ու մօրը: 54Կերան ու խմեցին նա եւ այն մարդիկ, որոնք նրա հետ էին, եւ ապա քնեցին: Առաւօտեան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհեցէ՛ք ինձ, որ գնամ տիրոջս մօտ»: 55Ռեբեկայի եղբայրներն ու մայրը ասացին. «Թող աղջիկը մեզ մօտ մնայ մի տասը օր, յետոյ թող գնայ»: 56Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահէք, որովհետեւ Տէրը յաջողութիւն է պարգեւել իմ գործին: Թողէ՛ք որ գնամ տիրոջս մօտ»: 57Ռեբեկայի եղբայրներն ասացին. «Կանչենք աղջկան եւ նրան հարցնենք»: 58Նրանք կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կը գնա՞ս այս մարդու հետ»: Նա պատասխանեց. «Կը գնամ»: 59Նրանք ճանապարհեցին իրենց քոյր Ռեբեկային իր ունեցուածքով, ինչպէս նաեւ Աբրահամի ծառային ու նրանց, ովքեր նրա հետ էին: 60Նրանք օրհնելով Ռեբեկային՝ ասացին նրան. «Քո՛յր մեր, հազար ու բիւր դառնաս: Քո յետնորդները թող տիրանան քո թշնամիների քաղաքներին»: 61Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրայ եւ այդ մարդու հետ ճանապարհ ընկան: Ծառան Ռեբեկային առնելով գնաց: 62Իսահակը եկել էր անապատ՝ Տեսիլքի ջրհորի մօտ, որովհետեւ բնակւում էր երկրի հարաւային կողմում: 63Իսահակը երեկոյեան ելաւ դաշտ՝ զբօսնելու: Նա իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ գալիս են տասը ուղտեր: 64Աչքերը վեր բարձրացրեց նաեւ Ռեբեկան եւ տեսաւ Իսահակին: Նա անմիջապէս իջաւ ուղտից 65եւ հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»: Ծառան պատասխանեց. «Նա իմ տէրն է»: Ռեբեկան առաւ քողն ու գցեց իր վրայ: 66Ծառան Իսահակին պատմեց այն ամէնը, ինչ արել էր ինքը: 67Իսահակը մտաւ իր մօր՝ Սառայի տունը, առաւ Ռեբեկային, եւ սա դարձաւ նրա կինը: Իսահակը սիրեց նրան եւ մխիթարուեց իր մօր՝ Սառայի սգից:
Copyright information for ArmEastern