‏ Genesis 26

1Սով եղաւ երկրում. ոչ այն սովը, որ եղել էր Աբրահամի ժամանակ: 2Իսահակը գնաց փղշտացիների արքայ Աբիմելէքի մօտ, Գերարա: Նրան երեւաց Տէրն ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակուի՛ր այն երկրում, որտեղ ասացի քեզ. 3իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին: 4Ես բազմացնելու եմ քո սերունդները երկնքի աստղերի չափ, քո զաւակներին եմ տալու այս ամբողջ երկիրը, եւ քո սերունդների միջոցով օրհնուելու են երկրի բոլոր ազգերը 5ի հատուցումն այն բանի, որ քո հայր Աբրահամը լսեց իմ խօսքը, պահեց իմ հրամանները, իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները»: 6Իսահակը բնակուեց գերարացիների հետ: 7Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է»: Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկան դէմքով գեղեցիկ էր: 8Նա այնտեղ մնաց երկար ժամանակ: Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս ձգուեց ու տեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ: 9Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասաց նրան. «Ուրեմն նա քո կինն է: Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թէ՝ «Իմ քոյրն է»: Իսահակն ասաց նրան. «Որովհետեւ մտածեցի, թէ գուցէ նրա պատճառով սպանուեմ»: 10Աբիմելէքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ: Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քո կնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր»: Եւ Աբիմելէքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. 11«Բոլոր նրանք, ովքեր կը դիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահուան կը դատապարտուեն»: 12Իսահակը գարի ցանեց այդ երկրում եւ նոյն տարում էլ հարիւրապատիկ բերք ստացաւ: Տէրն օրհնեց նրան, 13եւ սա հարստացաւ: Նա առաջադիմում էր, հարստանում այն աստիճան, որ մեծահարուստ դարձաւ: 14Նա ունեցաւ ոչխարի ու արջառի հօտեր, բազում կալուածքներ: 15Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները. փղշտացիները 16դրանք լցրին հողով: Աբիմելէքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մօտից, որովհետեւ մեզնից շատ աւելի զօրաւոր եղար»: 17Իսահակն այդտեղից գնաց ու վրան խփեց գերարացիների ձորում: Նա բնակուեց այնտեղ: 18Իսահակը դարձեալ փորեց այն ջրհորները, որ փորել էին նրա հօր՝ Աբրահամի ծառաները, իսկ փղշտացիները նրա հայր Աբրահամի մահից յետոյ խցանել էին: Իսահակն այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տուել էր դրա նց իր հայր Աբրահամը: 19Իսահակի ծառաները հող փորեցին գերարացիների ձորում եւ այնտեղ գտան ըմպելի ջրի աղբիւր: 20Գերարացիների հովիւները կռուեցին Իսահակի հովիւների հետ՝ ասելով, թէ իրենցն է այդ ջրհորը: Նրանք ջրհորը կոչեցին Անիրաւութիւն, քանի որ նրա հանդէպ անիրաւութիւն էին գործել: 21Իսահակը գնաց այդտեղից ու փորեց մի այլ ջրհոր եւս: Վէճ ծագեց սրա համար էլ: Իսահակը այն կոչեց Թշնամութիւն: 22Նա գնաց այդտեղից եւ փորեց մի այլ ջրհոր եւս: Դրա շուրջ վէճ չառաջացաւ, եւ այդ պատճառով այն կոչեց Անդորրութիւն՝ ասելով, թէ՝ «Այժմ մեզ ընդարձակ տեղ տուեց Տէրը եւ բազմացրեց մեզ երկրի վրայ»: 23Իսահակն այդտեղից գնաց Երդման ջրհորի մօտ: Տէրն այդ գիշեր երեւաց նրան ու ասաց. 24«Ես քո հօր Աստուածն եմ: Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ, ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո սերունդները ի սէր քո հայր Աբրահամի»: 25Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու երկրպագեց Տիրոջը: Նա այդտեղ խփեց իր վրանը: Իսահակի ծառաները այդտեղ ջրհոր փորեցին: 26Գերարայից նրա մօտ գնացին Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթը եւ նրա զօրքերի սպարապետ Փիքողը: 27Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եկաք ինձ մօտ, չէ՞ որ դուք ատեցիք ինձ եւ հալածեցիք ձեր մօտից»: 28Նրանք պատասխանեցին. «Մենք պարզիպարզոյ տեսանք, որ Տէրը քեզ հետ է, ուստի ասացինք. «Հաշտութիւն թող լինի մեր եւ քո միջեւ: Մենք պայման թող դնենք քեզ հետ. 29մեր նկատմամբ որեւէ վատ բան չանես, քանի որ մենք չենք մեղանչել քո դէմ, քեզ բարերարութիւն ենք արել եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհ դրել, որովհետեւ դու Տիրոջ օրհնած մարդն ես»: 30Իսահակը նրանց պատուին խնջոյք սարքեց, նրանք կերան, խմեցին 31եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց: Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին: 32Այդ օրը եկան Իսահակի ծառաները եւ յայտնեցին նրան իրենց փորած ջրհորի մասին, թէ՝ «Ջուր չենք գտել»: 33Իսահակն այդ ջրհորն անուանեց Երդումն: Դրա համար էլ այդ քաղաքը մինչեւ այսօր կոչւում է Երդման ջրհոր: 34Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին, 35որոնք վշտացնում էին Իսահակին եւ Ռեբեկային:
Copyright information for ArmEastern