Genesis 28
1Իսահակը կանչեց Յակոբին, օրհնեց նրան ու պատուիրեց՝ ասելով. «Քանանացիների դուստրերից կին չառնես: 2Գնա՛ Ասորիների Միջագետք, քո մօր հօր՝ Բաթուէլի տունը եւ այնտեղից, քո մօրեղբայր Լաբանի դուստրերից քեզ կին ա՛ռ: 3Իմ Աստուածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, բազում ժողովուրդների նախահայր լինես: Նա քեզ եւ քեզնից յետոյ գալիք քո սերունդներին թող տայ իմ հայր Աբրահամի օրհնութիւնը, 4որպէսզի ժառանգես քո պանդխտութեան երկիրը, որ Աստուած տուել էր Աբրահամին»: 5Իսահակը ճանապարհ դրեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր: 6Երբ Եսաւը տեսաւ, թէ Իսահակն օրհնեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, որ այնտեղից կին առնի, ինչպէս հայրը Յակոբին օրհնելիս պատուիրել էր ու ասել, թէ՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես», 7Յակոբն էլ անսալով իր հօր ու մօր խօսքերին՝ գնացել էր Ասորիների Միջագետք, 8համոզուեց, որ քանանացիների դուստրերը իր հայր Իսահակի աչքին հաճոյ չեն, 9ուստի գնաց Իսմայէլի մօտ եւ ի յաւելումն իր ունեցած կանանց, կին առաւ նաեւ Աբրահամի որդի Իսմայէլի դուստր Մայելէթին՝ Նաբէութի քրոջը: 10Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ գնաց Խառան: 11Հասնելով մի տեղ՝ նա քնեց այնտեղ, որովհետեւ արեւն արդէն մայր էր մտել: Նա առաւ այնտեղի քարերից մէկը, դրեց գլխի տակ ու քնեց այնտեղ: 12Նա երազ տեսաւ. երկրի վրայ հաստատուած էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով ելնում իջնում էին: 13Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ: Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը: Մի՛ վախեցիր, որովհետեւ այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին: 14Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ: Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը: 15Ես ահա քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ քո բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես: Քեզ վերադարձնելու եմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ լքելու, մինչեւ որ չկատարեմ այն ամէնը, ինչ խոստացել եմ քեզ»: 16Զարթնեց Յակոբն իր քնից ու ասաց. «Տէրն այստեղ է, իսկ ես չգիտէի»: 17Նա վախեցաւ եւ ասաց. «Սարսռազդեցիկ է այս վայրը, եւ սա այլ բան չէ, եթէ ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»: 18Առաւօտեան Յակոբը վեր կացաւ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, եւ այն կանգնեցրեց իբրեւ կոթող: Նա իւղով օծեց քարի գագաթը: 19Յակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն. նախկինում այդ քաղաքի անունը Ուլմաւուս էր: 20Յակոբն ուխտ անելով՝ ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ հետ լինի եւ ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց տայ եւ հագնելու հագուստ, 21ինձ ողջ-առողջ վերադարձնի իմ հօր տունը, ուրեմն թող նա լինի ինձ Տէր Աստուած, 22իսկ այն քարը, որ իբրեւ կոթող կանգնեցրի, թող ինձ համար լինի Աստծու տուն: Այն ամենից, Տէ՛ր, ինչ կը տաս ինձ, քեզ տասանորդ կը հանեմ»:
Copyright information for
ArmEastern