Genesis 30
1Երբ Ռաքէլը տեսաւ, որ ինքը Յակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը եւ Յակոբին ասաց. «Ինձ զաւակներ պարգեւի՛ր, այլապէս կը մեռնեմ»: 2Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»: 3Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան: Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»: 4Եւ նա իր աղախին Բալլային տուեց նրան կնութեան: Յակոբը մտաւ նրա ծոցը: 5Յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար: 6Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»: Դրա համար էլ նրա անունը դրեց Դան: 7Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար: 8Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ օգնեց, որովհետեւ ընդհարուեցի քրոջս հետ եւ յաղթեցի»: Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ: 9Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր նաժիշտ Զելփային տուեց Յակոբին կնութեան: 10Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի: 11Նա ասաց. «Ես երջանիկ եմ»: Եւ նրա անունը դրեց Գադ: 12Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար: 13Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»: Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն: 14Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային: Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»: 15Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»: Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ: Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»: 16Երբ երեկոյեան Յակոբը դաշտից վերադարձաւ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետեւ իմ որդու մանրագորների փոխարէն վարձել եմ քեզ»: Եւ նա գիշերը պառկեց նրա հետ: Աստուած անսաց Լիային: 17Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի: 18Լիան ասաց. «Աստուած տուեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տուեցի իմ ամուսնուն»: Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ: 19Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի: 20Լիան ասաց. «Աստուած ինձ լաւ նուէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի: Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն: 21Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա: 22Աստուած յիշեց Ռաքէլին, անսաց նրան եւ բեղմնաւոր դարձրեց նրա արգանդը: 23Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի: Ռաքէլն ասաց. «Աստուած ինձնից վերացրեց իմ ամլութեան նախատինքը»: 24Եւ նրա անունը դրեց Յովսէփ: Նա ասաց. «Աստուած թող ինձ պարգեւի մի որդի եւս»: 25Երբ Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասաց Լաբանին. «Ինձ թո՛յլ տուր, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը: 26Տո՛ւր կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ որդիներին, որպէսզի գնամ: Դու ինքդ էլ գիտես, թէ ինչ ծառայութիւն մատուցեցի քեզ»: 27Լաբանը պատասխանեց նրան. «Քանի որ արժանացայ քո բարեհաճութեանը, փորձով համոզուեցի, որ Աստուած ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիւ»: 28Լաբանն աւելացրեց. «Ասա՛ ինձ քո վարձը, եւ ես կը տամ»: 29Յակոբն ասաց նրան. «Դու գիտես, թէ որքան ծառայեցի քեզ, եւ թէ որքան ոչխար էիր յանձնել ինձ: Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիւ էին, 30իսկ այժմ դրանք անչափ աճել են: Տէր Աստուած քեզ օրհնեց քո տուն իմ ոտք դնելու առթիւ: Արդ, ե՞րբ եմ ես տուն-տեղ ունենալու»: 31Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»: Յակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր, բայց միայն հետեւեալն արա՛. ես դարձեալ արածեցնեմ ու պահպանեմ քո ոչխարները: 32Այսօր թող քո առաջով անցնի քո ամբողջ հօտը, եւ դու ջոկի՛ր իրարից բոլոր խատուտիկ ու գորշ ոչխարները եւ արածող բոլոր թուխ ոչխարները: Բոլոր խատուտիկ ոչխարներն ու պտաւոր այծերը թող լինեն իմ վարձը: 33Իմ արդար լինելը կ՚երեւայ վաղը, որ ես վարձ ունեմ քեզնից ստանալիք: Այն բոլոր այծերը, որոնք բծաւոր ու պտաւոր չեն, եւ ոչխարները, որոնք խայտաճամուկ չեն, թող ինձ գողօն համարուեն»: 34Լաբանն ասաց նրան. «Թող քո ասածը լինի»: 35Լաբանն այդ օրը առանձնացրեց մոխրագոյն ու պտաւոր նոխազները, բոլոր մոխրագոյն ու պտաւոր այծերը, սպիտակ ու թուխ ոչխարները, 36տուեց իր որդիներին եւ նրանց ուղարկեց Յակոբից հեռու երեք օրուայ ճանապարհ: Յակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հօտերը: 37Յակոբն առաւ խնկենու, ընկուզենու եւ սօսու դալար ճիւղեր, հանեց դրանց կեղեւը, եւ երեւաց սպիտակը: Գաւազաններից կանաչ մասը քերծելուց յետոյ գաւազանների քերծուած սպիտակը գունագեղ էր երեւում: 38Քերծած գաւազանները նա դրեց ջրի գուռերի մէջ, որ երբ հօտերը գան ջուր խմելու, այդ գաւազանների մօտ բեղմնաւորուեն: 39Մաքիները գաւազանների մօտ բեղմնաւորւում էին եւ ծնում խայտաճամուկ, պտաւոր ու խատուտիկ գառներ: 40Յակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաեւ՝ մոխրագոյն խոյերը եւ բոլոր խայտաճամուկ ոչխարները: Նա իր հօտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հօտերին: 41Երբ գալիս էր մաքիների զուգաւորուելով յղիանալու ժամանակը, Յակոբը գաւազանները դնում էր մաքիների դիմաց, գուռերի մէջ, որպէսզի նրանք բեղմնաւորուեն գաւազանների մօտ, 42իսկ երբ մաքիները ծնում էին, այլեւս չէր դնում: Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականութիւնը, իսկ նշան ունեցողները՝ Յակոբի: 43Այսպիսով Յակոբը չափազանց շատ հարստացաւ. նա ունեցաւ շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր:
Copyright information for
ArmEastern