Genesis 32
1Յակոբն էլ գնաց իր ճանապարհով: Նա տեսաւ Աստծու հրեշտակների բանակը. նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները: 2Յակոբը տեսնելով նրանց՝ ասաց. «Սա Աստծու բանակն է». եւ այդ վայրի անունը դրեց Բանակատեղի: 3Յակոբն իրենից առաջ բանագնացներ ուղարկելով իր եղբայր Եսաւի մօտ, Սէիր գաւառը, Եդոմի երկիրը՝ պատուէր տուեց նրանց ու ասաց. 4«Այսպէս կ՚ասէք իմ տէր Եսաւին, թէ այսպէս է ասում քո ծառայ Յակոբը. «Լաբանի մօտ ապրեցի եւ մինչեւ հիմա այնտեղ մնացի: 5Ունեցայ արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ: Հիմա մարդ եմ ուղարկում իմ տէր Եսաւին՝ խնդրելու, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ»: 6Բանագնացները Յակոբի մօտ վերադառնալով՝ ասացին. «Գնացինք քո եղբայր Եսաւի մօտ. նա, նրա հետ նաեւ չորս հարիւր տղամարդիկ, քեզ ընդառաջ են գալիս»: 7Վախեցաւ Յակոբն ու կասկածանքի մէջ ընկաւ: Նա իր հետ եղած ժողովրդին, արջառները, ոչխարները եւ ուղտերը բաժանեց երկու խմբի: 8Յակոբը մտածեց. «Եթէ Եսաւը յարձակուի առաջին խմբի վրայ եւ ջարդի այն, ապա կը փրկուի երկրորդ խումբը»: 9Եւ Յակոբն ասաց. «Իմ հայր Աբրահամի Աստուա՛ծ, իմ հայր Իսահակի Աստուա՛ծ, Տէ՛ր, ինձ ասացիր, թէ՝ «Գնա՛ քո ծննդավայրը եւ բարիք կ՚անեմ քեզ»: 10Ես արժանի չեմ բոլոր այն արդարութիւններին ու ճշմարտութիւններին, որ արեցիր քո ծառային, որովհետեւ ցուպը ձեռքիս անցայ Յորդանանի այս կողմը, իսկ հիմա բաժանուել եմ երկու մասի: 11Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքից, որովհետեւ ես նրանից վախենում եմ. գուցէ նա գայ եւ հարուածի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ: 12Դու ասացիր, թէ՝ «Բարիք կ՚անեմ քեզ եւ քո սերունդները աւազի պէս կը բազմացնեմ, այնքան, որ անթիւ ու անհամար կը լինեն նրանք»: 13Եւ նա այդ գիշեր քնեց այդտեղ: Նա բերածներից իր ձեռքով, իբրեւ ընծայ, իր եղբայր Եսաւին ուղարկեց 14երկու հարիւր այծ, քսան նոխազ, երկու հարիւր մաքի, քսան խոյ, 15երեսուն ուղտ՝ իրենց նորածին ձագերի հետ, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էշ եւ տասը քուռակ: 16Նա իր ծառաներին յանձնեց հօտերն առանձին-առանձին եւ ասաց նրանց. «Դուք գնացէ՛ք ինձնից առաջ, հօտերն առանձին-առանձին՝ իրարից հեռու կը տանէք»: 17Նա առաջինին պատուիրեց՝ ասելով. «Եթէ քեզ հանդիպի իմ եղբայր Եսաւը եւ հարցնի, թէ՝ «Ո՞վ ես եւ ո՞ւր ես գնում, ո՞ւմ է պատկանում այն, ինչ քո առջեւից է գնում», 18կ՚ասես. «Քո ծառայ Յակոբի ընծաներն են, որ նա ուղարկում է իր տէր Եսաւին, իսկ ինքը գալիս է մեր ետեւից»: 19Նա պատուիրեց առաջինին, երկրորդին, երրորդին եւ բոլոր նրանց, ովքեր հօտերի հետ գնում էին առջեւից, եւ ասաց. «Երբ կը հանդիպէք Եսաւին, կ՚ասէք նրան այն, ինչ ասացի ես ձեզ: 20Դուք կ՚ասէք. «Ահա քո ծառայ Յակոբը գալիս է մեր ետեւից»: Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կը մեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, եւ ապա անձամբ կը հանդիպեմ նրան, թերեւս բարեացակամ լինի իմ նկատմամբ»: 21Ընծաներն ուղարկուեցին իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այդտեղ՝ Բանակատեղիում: 22Նոյն գիշերը վեր կենալով՝ նա առաւ իր երկու կանանց, երկու աղախիններին ու տասնմէկ որդիներին, անցկացրեց Յոբոկ գետի ծանծաղուտով: 23Նա նրանց ու իրեն պատկանող ամէն ինչ վերցրած՝ անցկացրեց գետով: 24Յակոբը մնաց միայնակ: Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչեւ առաւօտ: 25Երբ մարդը տեսաւ, որ չի կարողանում յաղթել նրան, կռուի ընթացքում բռնեց Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրեց դրանք: 26Մարդն ասաց նրան. «Թո՛յլ տուր գնամ, որովհետեւ արդէն լուսացաւ»: Յակոբը պատասխանեց. «Թոյլ չեմ տայ, որ գնաս, մինչեւ ինձ չօրհնես»: 27Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Նա պատասխանեց նրան՝ Յակոբ: 28Մարդն ասաց նրան. «Այսուհետեւ քեզ Յակոբ թող չկոչեն, այլ Իսրայէլ թող լինի քո անունը, որովհետեւ դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»: 29Յակոբը հարց տուեց. «Ասա՛ ինձ քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»: Եւ նա տեղնուտեղը օրհնեց նրան: 30Յակոբն այդ տեղն անուանեց Երեւումն Աստուծոյ, որովհետեւ, - ասում է, - Աստծուն տեսայ դէմ առ դէմ, եւ փրկուեց հոգիս»: 31Երբ անյայտացաւ Աստծու տեսիլքը, նրա վրայ արեւ ծագեց, իսկ նա իր ազդրի պատճառով կաղալով էր գնում: 32Դրա համար էլ իսրայէլացիները մինչեւ օրս կենդանիների ազդրի ջլերը չեն ուտում, քանի որ Աստուած բռնել էր Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրել դրանք:
Copyright information for
ArmEastern