‏ Genesis 4

1Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»: 2Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում: 3Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն, 4իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից: Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, 5իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց: Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց: 6Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ: 7Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»: 8Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան: 9Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»: Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»: 10Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ: 11Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար: 12Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»: 13Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար: 14Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»: 15Տէր Աստուած ասաց նրան. «Այդպէս չէ: Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՚արժանանայ»: Եւ Տէր Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որպէսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի: 16Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակուեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց: 17Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին: Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անուամբ: 18Ենոքը Գայերիդադ անուամբ որդի ունեցաւ: Գայերիդադը ծնեց Մայիէլին, Մայիէլը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամէքին: 19Ղամէքն առաւ երկու կին. մէկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սէլլա: 20Ադդան ծնեց Յոբէլին: Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է: 21Նրա եղբօր անունը Յոբաղ է: Նա է յօրինել երգն ու քնարը: 22Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր: Թոբէլի քոյրը Նոյեման էր: 23Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին: Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր: 24Եթէ սպանութեան համար Կայէնից եօթն անգամ վրէժ է պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»: 25Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց որդի, նրա անունը դրեց Սէթ եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն Աստուած ինձ ուրիշ զաւակ պարգեւեց»: 26Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս: Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը:
Copyright information for ArmEastern