‏ Genesis 41

1Երկու տարի անց փարաւոնը երազ տեսաւ: Երազում ինքը կանգնած էր գետի եզերքին, 2իսկ գետից դուրս էին գալիս տեսքով գեղեցիկ ու մարմնով պարարտ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում: 3Դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը այլ երինջներ եւ միւս երինջների հետ արածում գետի եզերքին: 4Տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը երինջներն ուտում էին տեսքով գեղեցիկ ու պարարտ եօթը երինջներին: Զարթնեց փարաւոնը: Նորից քուն մտաւ: 5Նա տեսաւ մի երկրորդ երազ. ահա մէկ ցօղունից բուսնում էին ընտիր ու գեղեցիկ եօթը հասկեր: 6Ապա բուսան չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր, 7եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ տուեցին ընտիր ու լի եօթը հասկերը: 8Զարթնեց փարաւոնը եւ տեսաւ, որ երազ էր: Առաւօտեան խռովուեց նրա հոգին: Նա մարդ ուղարկեց, կանչել տուեց Եգիպտոսի բոլոր երազահաններին, երկրի բոլոր իմաստուններին եւ պատմեց իր երազները, բայց չգտնուեց մէկը, որ կարողանար մեկնել փարաւոնի երազները: 9Տակառապետը, դիմելով փարաւոնին, ասաց. «Այսօր յիշեցնեմ իմ յանցանքը: 10Երբ փարաւոնը բարկացել էր իր ծառաների վրայ, ինձ ու մատակարարին արգելափակել էր դահճապետի տանը: 11Մենք երկուսս էլ երազ տեսանք միեւնոյն գիշերը. իւրաքանչիւրս տեսաւ ի՛ր երազը: 12Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառայ եբրայեցի մի պատանի: Պատմեցինք նրան, 13եւ նա մեկնեց մեզ մեր երազները՝ տալով իւրաքանչիւրիս իր երազի մեկնութիւնը: Եւ եղաւ, որ ինչպէս մեկնել էր մեզ, այնպէս էլ կատարուեց. ես եկայ հասայ իմ պաշտօնին, իսկ նրան կախեցին ծառից»: 14Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին: Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին: 15Փարաւոնն ասաց Յովսէփին. «Երազ եմ տեսել, եւ չկայ մէկը, որ մեկնի այն: Ես լսել եմ քո մասին: Ասում են, որ եթէ երազները պատմեն քեզ, դու կը մեկնես դրանք»: 16Պատասխան տալով՝ Յովսէփն ասաց փարաւոնին. «Առանց Աստծու օգնութեան փարաւոնի համար փրկարար ոչ մի պատասխան չի լինի»: 17Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Երազումս ինձ թւում էր, թէ կանգնած էի գետի եզերքին, 18եւ, իբրեւ թէ, գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում: 19Ապա, դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզուելի եւ մարմնով նիհար եօթը երինջներ, որոնցից աւելի զզուելին չեմ տեսել ողջ Եգիպտացիների երկրում: 20Յոթը նիհար ու զզուելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին եօթը երինջներին: 21Նրանք թէեւ կուլ էին տալիս վերջիններիս, բայց չէր երեւում, որ նրանք սրանց կուլ են տուել. նրանց տեսքը առաջուայ պէս զզուելի էր: Զարթնեցի ու նորից քնեցի: 22Դարձեալ երազում տեսայ, որ, իբրեւ թէ, մէկ ցօղունից բուսնում էին լի ու գեղեցիկ եօթը հասկեր: 23Նրանց կողքին բուսան բարակ, չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր, 24եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լի հասկերը: Երազներս պատմեցի երազահաններին, բայց ոչ մէկը չկար, որ դրանք մեկնէր ինձ»: 25Յովսէփն ասաց փարաւոնին. «Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն. Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է: 26Եօթը գեղեցիկ երինջները եօթը տարի են նշանակում, եւ եօթը գեղեցիկ հասկերը նոյնպէս եօթը տարի են նշանակում: Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն: 27Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու: 28Փարաւոնին ասածիս իմաստն այն է, որ Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է: 29Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ եօթը տարիներ: 30Դրանցից յետոյ կը գան սովի եօթը տարիներ, եւ կը մոռացուի երկրում եղած բերքի առատութիւնը: 31Սովը կը սպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանայ բերքի առատութիւնը դրան յաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու: 32Փարաւոնի երազի երկու անգամ կրկնուելը վկայում է, որ Աստծու խօսքը հաստատապէս կատարուելու է, եւ Աստուած չի յապաղի այն ի կատար ածելուց: 33Արդ, տե՛ս, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու, որ դառնայ փարաւոնի խորհրդականը, եւ նրան վերակացու նշանակի՛ր Եգիպտացիների երկրի վրայ: 34Փարաւոնը երկրի վրայ նաեւ գործակալներ թող նշանակի, որ Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ընթացքում բերքի մէկ հինգերորդ մասը հարկ վերցնեն: 35Նրանք թող հաւաքեն առաջին եօթը տարիների բերքի ամբողջ պաշարը, ցորենը թող դրուի փարաւոնի տրամադրութեան տակ, եւ պարէնը թող պահուի քաղաքներում: 36Երկրի պարէնը թող պահուի Եգիպտացիների երկրի վրայ տարածուելիք սովի եօթը տարիների համար, որպէսզի երկիրը սովից չկոտորուի»: 37Յովսէփի խօսքերը հաճելի թուացին փարաւոնին ու նրա բոլոր պաշտօնեաներին: 38Փարաւոնն ասաց իր բոլոր պաշտօնեաներին. «Մի՞թէ կը գտնենք այսպիսի մի մարդ, որ իր անձի մէջ կրի Աստծու ոգին»: 39Եւ փարաւոնն ասաց Յովսէփին. «Քանի որ Աստուած քեզ յայտնեց այդ ամէնը, ուրեմն քեզնից աւելի իմաստուն ու խելացի մարդ չկայ: 40Դո՛ւ եղիր իմ տան վերակացուն, եւ քո հրամանին թող ենթարկուի իմ ամբողջ ժողովուրդը: Իմ գահո՛վ միայն ես քեզնից բարձր կը լինեմ»: 41Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա այսօր քեզ վերակացու եմ կարգում Եգիպտացիների երկրի վրայ»: 42Եւ փարաւոնը մատից հանելով իր մատանին՝ դրեց Յովսէփի մատին, նրան հագցրեց բեհեզեայ պատմուճան, ոսկէ մանեակ անցկացրեց նրա պարանոցին, 43նրան նստեցրեց իր երկրորդ կառքը: Մունետիկը Յովսէփի առաջից գնալով՝ այդ մասին ազդարարեց, եւ նա վերակացու կարգուեց Եգիպտացիների երկրի վրայ: 44Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա ես փարաւոնն եմ: Ամբողջ Եգիպտացիների երկրում ոչ ոք իրաւունք չունի նոյնիսկ իր ոտքը կամ ձեռքը բարձրացնելու առանց քո հրամանի»: 45Եւ փարաւոնը Յովսէփի անունը դրեց Փսոմփթոմբանէ, իսկ Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթին նրան տուեց կնութեան: Եւ Յովսէփը գնաց փարաւոնի մօտից: 46Յովսէփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացաւ եգիպտացիների փարաւոն արքային: Յովսէփը, գնալով փարաւոնի մօտից, շրջեց ողջ Եգիպտոսում: 47Երկիրը առատութեան եօթը տարիների ընթացքում հարուստ բերք տուեց: 48Յովսէփը հաւաքեց Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ողջ բերքը՝ ամէն մի քաղաքի շուրջը գտնուող դաշտերի բերքը ամբարելով այդ քաղաքում: 49Յովսէփը ծովի աւազի չափ շատ ցորեն հաւաքեց ու ամբարեց այնտեղ այնքան, որ հնարաւոր չէր հաշուել, քանի որ անթիւ-անհամար էր: 50Երբ դեռ չէր եկել եօթը տարուայ սովը, Յովսէփն ունեցաւ երկու որդի, որոնց ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթը նրա համար: 51Յովսէփն անդրանիկ որդու անունը դրեց Մանասէ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ մոռացնել տուեց իմ ու իմ հօր բոլոր վշտերը»: 52Երկրորդ որդու անունը դրեց Եփրեմ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ բազմացրեց իմ տառապանքների երկրում»: 53Անցան Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիները, 54եւ վրայ հասան սովի եօթը տարիները, ինչպէս ասել էր Յովսէփը: Սով եղաւ ամբողջ երկրում, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրում հաց չէր գտնւում: 55Սովի մատնուեց համայն Եգիպտացիների երկիրը, եւ ամբողջ ժողովուրդը հացի համար աղաղակ բարձրացրեց փարաւոնի առաջ: Փարաւոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացէ՛ք Յովսէփի մօտ, եւ ինչ որ ասի նա ձեզ, կատարեցէ՛ք»: 56Սով էր ամբողջ երկրում: Յովսէփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին: Սովը սաստկացաւ Եգիպտացիների երկրում: 57Եւ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Յովսէփից հաց գնելու, որովհետեւ սովը սաստկանում էր ամբողջ աշխարհում:
Copyright information for ArmEastern