Genesis 46
1Իսրայէլն իր ամբողջ ունեցուածքով ճանապարհ ընկաւ եւ եկաւ Երդման ջրհորի մօտ: Նա զոհ մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն: 2Գիշերը Աստուած տեսիլքի մէջ Իսրայէլին ասաց. «Յակո՛բ, Յակո՛բ»: Սա հարցրեց. «Դու ո՞վ ես»: 3Նա պատասխանեց. «Ես քո հայրերի Աստուածն եմ: Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետեւ քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու: 4Ես քեզ հետ կ՚իջնեմ Եգիպտոս, եւ ինքս էլ քեզ ընդմիշտ կը հանեմ այնտեղից: Եւ Յովսէփն իր ձեռքով կը փակի քո աչքերը»: 5Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ, եւ Իսրայէլի որդիներն իրենց հայր Յակոբին, կահկարասին ու կանանց տեղաւորեցին այն սայլերի վրայ, որ Յովսէփն էր ուղարկել՝ նրան բերելու համար: Վերցնելով իրենց ունեցուածքն 6ու Քանանացիների երկրում ձեռք բերած ամէն ինչ, Եգիպտոս մտան Յակոբն ու նրա ողջ սերունդը՝ 7իր որդիներն ու որդիների որդիները, իր դուստրերն ու դուստրերի դուստրերը: Նա իր ողջ սերունդը բերեց Եգիպտոս: 8Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան. այն է՝ Յակոբն ու իր որդիները: Յակոբի անդրանիկ որդին էր Ռուբէնը: 9Ռուբէնի որդիներն են՝ Ենոքը, Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: 10Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնուած Սաւուղը: 11Ղեւիի որդիներն են՝ Գերսոնը, Կահաթն ու Մերարին: 12Յուդայի որդիներն են՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսն ու Զարան: Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում: Փարէսի որդիները եղան Ասրոմն ու Յամուէլը: 13Իսաքարի որդիներն են՝ Թողան, Փուդը, Յասուբն ու Զամամը: 14Զաբուղոնի որդիներն են՝ Սերեդը, Ալլոնն ու Էէլը: 15Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաեւ իր դուստր Դինային, նա ծնեց Յակոբի համար՝ Ասորիների Միջագետքում. բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին: 16Գադի որդիներն են՝ Սափոնը, Մեդիսը, Սաւնիան, Թաւսոբամը, Այեդիսը, Արոյէլիսը եւ Արիէլիսը: 17Ասերի որդիներն են՝ Յեմնան, Յեսուան, Յէուլը, Բարիան եւ նրանց քոյր Սարան: Բարիայի որդիներն են՝ Քոբորը եւ Մելքիէլը: 18Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տուել էր իր դուստր Լիային: Սա Յակոբի համար ունեցաւ այս տասնվեց որդիներին: 19Ռաքէլի՝ Յակոբի կնոջ որդիներն են՝ Յովսէփն ու Բենիամինը: 20Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետրափրեսի դուստր Ասանէթից Յովսէփն ունեցաւ իր Մանասէ ու Եփրեմ որդիներին: Մանասէն ասորի հարճից ունեցաւ որդիներ, որոնցից մէկն էր Մաքիրը: Մաքիրը ծնեց Գաղաադին: Եփրեմի՝ Մանասէի եղբօր որդիներն են՝ Սուտաղաամն ու Տաամը: Սուտաղաամի որդին է Եդ»մը: 21Բենիամինի որդիներն են՝ Բաղան, Բոքորն ու Ասբեէն: Բաղան ծնեց որդիներ՝ Գէերային, Նէեմանին, Անաքիսին, Ռոսին, Մամփիմին ու Ոփիմինին: Գէերան ծնեց Արադին: 22Սրանք Ռաքէլի որդիներն են, որոնց նա ծնեց Յակոբի համար. բոլորը՝ տասնութ հոգի: 23Դանի որդիներից մէկն է Ասոմը: 24Նեփթաղիմի որդիներն են՝ Ասիէլը, Գոնին, Ասարն ու Սիլլեմը: 25Սրանք որդիներն են Բալայի, որին Լաբանը տուեց իր դուստր Ռաքէլին. Բալլան ծնեց սրանց Յակոբի համար. բոլորը՝ եօթը հոգի: 26Յակոբի կողից ծնուած եւ նրա հետ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիւը, չհաշուած Յակոբի որդիների կանանց, վաթսունվեց է: 27Յովսէփը Եգիպտոսում ունեցաւ երկու որդի: Այսպիսով Յակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր տղամարդկանց թիւը եօթանասունհինգ է: 28Յակոբը իրենից առաջ Յուդային ուղարկեց Յովսէփի մօտ, որպէսզի սա ընդառաջ գայ նրան Քաջաց քաղաքի մօտ՝ Ռամէսի երկրում, իսկ ինքն եկաւ Գեսեմ երկիրը: 29Յովսէփը լծեց իր կառքը եւ Քաջաց քաղաքի մօտ ընդառաջ գնաց իր հայր Իսրայէլին: Երբ Յովսէփը հանդիպեց նրան, փաթաթուեց նրա վզին եւ հեկեկալով լաց եղաւ: 30Իսրայէլն ասաց Յովսէփին. «Այսուհետեւ կարող եմ մեռնել, որովհետեւ տեսայ քո երեսը, եւ դու տակաւին կենդանի ես»: 31Յովսէփն ասաց իր եղբայրներին ու իր հօր ընտանիքին. «Գնամ յայտնեմ փարաւոնին, որ Քանանացիների երկրում բնակուող իմ եղբայրներն ու հօրս ընտանիքը եկել են ինձ մօտ: 32Նրանք խաշնարածներ են եւ իրենց անասունները, արջառներն ու ողջ ունեցուածքը բերել են այստեղ: 33Արդ, եթէ փարաւոնը կանչի ձեզ ու հարցնի, թէ՝ «Ի՞նչ է ձեր գործը», 34կ՚ասէք, որ «Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչեւ այժմ խաշնարածներ ենք, մենք եւ մեր հայրը», որպէսզի նա թոյլ տայ ձեզ բնակուել Գեսեմ երկրում, որովհետեւ եգիպտացիները խորշում են ոչխարների հովիւներից»:
Copyright information for
ArmEastern