John 20
1Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է: 2Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»: 3Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս: 4Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ: 5Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ: 6Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, 7եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ մի կողմ էր: 8Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց. 9քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի: 10Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը: 11Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը 12եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել: 13Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետեւ իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»: 14Երբ այս ասաց, դէպի յետեւի կողմը դարձաւ եւ տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է: 15Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»: Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»: 16Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ: Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ): 17Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»: 18Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատմեց, թէ ինքը Տիրոջը տեսել է, եւ նա իրեն այս բաներն է ասել: 19Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»: 20Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը: 21Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»: 22Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: 23Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»: 24Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ: 25Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»: 26Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ: 27Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»: 28Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ: 29Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»: 30Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն: 31Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:
Copyright information for
ArmEastern