John 6
1Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. 2եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ: 3Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ: 4Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը: 5Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»: 6Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու: 7Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»: 8Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. 9«Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»: 10Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին: 11Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան: 12Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»: 13Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից: 14Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»: 15Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց: 16Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: 17Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը, դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր: 19Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոմետր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան: 20Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցէք»: 21Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին: 22Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնաց»լ: 23Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել: 24Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու: 25Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: 26Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: 27Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: 28Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: 29Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: 30Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես: 31Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»: 32Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: 34Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: 35Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: 36Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում: 37Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց: 39Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: 40Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: 41Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը: 42Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: 43Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. 44ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ: 45Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: 46Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը: 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: 48Ես եմ կենաց հացը: 49Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: 50Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: 51Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: 53Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: 54Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: 55Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, 56քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: 57Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: 58Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով: 59Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կ՚ապրի յաւիտեան»: 60Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս: 61Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: 62Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է. 63իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր...»: 64«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք: 65Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. 66«Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»: 67Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: 68Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»: 69Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: 70Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: 71Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»: Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր:
Copyright information for
ArmEastern