‏ Luke 10

1Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. «Խաղաղութի՜ւն այս տանը». 6եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ: 7Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: 8Ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: 9Եւ բժշկեցէ՛ք դրա մէջ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. «Մօտեցել է ձեզ Աստծու արքայութիւնը»: 10Իսկ ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. 11«Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեր վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծու արքայութիւնը»: 12Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»: 13«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում եղած լինէին այն զօրաւոր գործերը, որ կատարուեցին ձեր մէջ, արդարեւ վաղուց իսկ քուրձերի մէջ ու մոխրի վրայ նստած՝ ապաշխարած կը լինէին: 14Բայց Տիւրոսի եւ Սիդոնի համար, դատաստանի ժամանակ, աւելի տանելի կը լինի, քան ձեզ համար: 15Եւ դու, Կափառնայո՛ւմ, որ մինչեւ երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչեւ դժոխք: 16Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»: 17Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»: 18Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը: 19Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու: 20Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»: 21Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»: 23Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կը տեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»: 25Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 26Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»: 27Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 28Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես»: 29Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: 30Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին: 31Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. 32նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ: 33Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց: 34Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան: 35Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»: 36Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»: 37Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»: 38Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ: 39Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը: 40Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»: 41Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, 42բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»:
Copyright information for ArmEastern