‏ Luke 11

1Եւ եղաւ որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»: 2Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. 3Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, 4որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ: 5Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»: 6Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է: 7Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար, 8որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ: 9Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. 10եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան: 11Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»: 12Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ: 13Եւ նրանցից ոմանք ասացին. «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: 14Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից: 15Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում: 16Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: 17Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները: 18Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ: 19Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է: 20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի: 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»: 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»: 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած: 24Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»: 25Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»: 26Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»: 27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար: 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ: 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»: 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի: 32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի: 33Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի: 34Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»: 35Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով՝ սեղան նստեց: 36Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց: 37Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ: 38Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց: 39Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի: 40Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել: 41Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ: 42Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»: 43Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»: 44Եւ նա ասաց. «Վա՜յ ձե՛զ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժուարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում: 45Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին: 46Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում: 47Դրա համար Աստծու իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կ՚ուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 48որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 49Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի՛ այդ սերնդից: 50Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտների՛դ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»: 51Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ՝ շատ բաների համար: 52Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին:
Copyright information for ArmEastern