‏ Luke 12

1Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք: Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից: 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ: 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»: 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ: 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի: 10Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի: 11Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, 12որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կը սովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»: 13Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»: 15Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: 18Գիտեմ, - ասաց նա, - թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. 19ու ինքս ինձ կ՚ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»: 20Աստուած նրան ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: 21Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»: 22Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, 23որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը: 24Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները: 25Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կը կարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 26Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում: 27Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց: 28Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէ՛ս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր: 29Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտռում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ: 31Այլ դուք հետամո՛ւտ եղէք Աստծու արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կը տրուի ձեզ»: 32«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»: 35«Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու: 38Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»: 41Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար: 43Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի: 44Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի: 45Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի: 47Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի: 48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն»: 49«Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի: 53Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»: 54Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ: Այդպէս էլ լինում է: 55Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ խորշակ կը լինի: Եւ այդպէս էլ լինում է: 56Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի: 59Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:
Copyright information for ArmEastern