Luke 13
1Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: 2Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները: 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»: 6Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ: 7Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»: 8Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»: 10Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր: 11Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում: 12Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»: 13Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս: 14Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»: 15Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու: 16Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»: 17Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից: 18Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն: 19Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը: Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»: 20Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայութիւնը. 21նման է այն խմորին, որ մի կին, վերցնելով, խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 22Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, 23մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»: 24Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կ՚ուզենան մտնել, բայց չեն կարողանայ: 25Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կը սկսէք դուռը բախել եւ ասել. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար». իսկ նա պատասխանելով կ՚ասի ձեզ. «Չգիտեմ, թէ որտեղից էք»: 26Այն ժամանակ կը սկսէք ասել. «Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»: 27Եւ տանտէրը կ՚ասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ»: 28Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծու արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած: 29Եւ կը գան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ հարաւից ու կը բազմեն Աստծու արքայութեան մէջ: 30Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կը լինեն, եւ առաջիններ՝ որ կը լինեն վերջին»: 31Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ: 33Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»: 34«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: 35Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
Copyright information for
ArmEastern