‏ Luke 18

1Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: 2Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: 3Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»: 4Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»: 6Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: 7Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի: 8Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»: 9Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: 10«Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: 11Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: 13Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»: 14Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»: 15Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին: 16Իսկ Յիսուս կանչելով մանուկներին իր մօտ՝ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը: 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»: 18Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»: 23Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: 26Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»: 28Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»: 29Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զաւակներին՝ Աստծու արքայութեան համար, 30եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»: 31Եւ Տասներկուսին, առանձին, մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն. 32որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. 33նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 34Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում: 35Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան: 36Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թէ՝ այդ ի՞նչ է: 37Եւ նրան պատմեցին, թէ անցնում է Յիսուս Նազովրեցին: 38Նա աղաղակեց եւ ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 39Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 40Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. 41«Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»: Եւ սա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»: 42Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր. քո հաւատը քեզ փրկեց»: 43Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհութիւն էր տալիս:
Copyright information for ArmEastern