‏ Luke 5

1Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: 2Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում: 3Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: 4Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: 5Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»: 6Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: 7Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: 8Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»: 11Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին: 12Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: 13Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից: 14Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, - ասաց, - դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»: 15Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու: 16Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում: 17Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր: 18Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ: 19Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ: 20Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»: 21Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»: 22Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 24Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 25Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն: 26Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»: 27Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր: Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւից արի՛»: 28Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից: 29Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել: 30Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»: 31Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին: 32Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»: 33Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»: 34Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: 35Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»: 36Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ: 37Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: 38Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն: 39Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»:
Copyright information for ArmEastern