‏ Mark 14

1Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն: 2Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 3Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին: 4Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ: 6Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց: 7Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք: 8Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու: 9Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»: 10Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց: 11Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան: 12Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»: 13Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից: 14Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»: 15Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»: 16Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին: 17Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին: 18Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»: 19Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ: 20Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ: 21Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»: 22Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»: 23Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին: 24Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար: 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»: 26Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը: 27Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն»: 28Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»: 29Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»: 30Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»: 31Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»: Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում: 32Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում: Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»: 33Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել: 34Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»: 35Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. եւ աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ: 36Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»: 37Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ: 38Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք: Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»: 39Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց: 40Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան: 41Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել . եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը: 42Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»: 43Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից: 44Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ: 45Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան: 46Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին: 47Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց: 48Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞: 49Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում. եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: 50Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան: 51Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին, 52եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից: 53Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը: 54Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ: 55Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում. 56քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին: 57Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում. 58«Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»: 59Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր: 60Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»: 61Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս: Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»: 62Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»: 63Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ: 64Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում...»: Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է: 65Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»: Եւ սպասաւորները ապտակում էին նրան: 66Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս: 67Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»: 68Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց: 69Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»: 70Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ: Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»: 71Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»: 72Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ:
Copyright information for ArmEastern