Mark 15
1Եւ իսկոյն, վաղ առաւօտեան, ծերերի եւ օրէնսգէտների հետ միասին, քահանայապետները եւ ամբողջ ատեանը խորհուրդ անելով՝ կապեցին Յիսուսին եւ տարան յանձնեցին Պիղատոսին: 2Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Յիսուս պատասխան տուեց նրան եւ ասաց. «Դու ասում ես»: 3Եւ քահանայապետները նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում: 4Իսկ Պիղատոսը դարձեալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՜ն են քեզ ամբաստանում»: 5Եւ Յիսուս, այնուհետեւ, էլ ոչինչ չպատասխանեց, այնպէս որ Պիղատոսը շատ զարմացաւ: 6Սակայն տօնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր մի կալանաւոր, ում որ նրանք ուզում էին: 7Եւ Բարաբբա անունով մէկը կար՝ բանտարկուած այն խռովարարների հետ, որոնք խռովութեան ժամանակ մի մարդ էին սպանել: 8Ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ պահանջել, որ, ինչպէս սովորութիւն էր անել, Բարաբբայի՛ն արձակի: 9Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզո՞ւմ էք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար». 10քանի որ նա գիտէր, թէ նախանձի՛ց մատնեցին նրան քահանայապետները, 11որոնք եւ ամբոխին համոզեցին, որ Բարաբբայի՛ն արձակի իրենց համար: 12Պիղատոսը դարձեալ խօսք առաւ եւ ասաց նրանց. «Իսկ ի՞նչ էք ուզում, որ անեմ հրեաների արքային»: 13Եւ նրանք, քահանայապետներից դրդուած, դարձեալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»: 14Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»: 15Իսկ Պիղատոսը, որովհետեւ ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբբային արձակեց: Իսկ Յիսուսին ծեծել տալով՝ նրանց ձեռքը յանձնեց, որպէսզի խաչը հանուի: 16Եւ զինուորները նրան ներսի գաւիթը տարան, ուր պալատի բակն էր. մէկտեղ կանչեցին ամբողջ գունդը, 17եւ նրան հագցրին կարմիր քղամիդ եւ ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստուած պսակ դրեցին 18եւ սկսեցին նրան ողջոյն տալ ու ասել. «Ողջո՜յն քեզ, հրեաների թագաւո՛րդ»: 19Եւ եղէգով հարուածում էին նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան: 20Եւ նրան ծաղրուծանակի ենթարկելուց յետոյ, քղամիդն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան: 21Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի եւ Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի: 22Եւ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ թարգմանւում է կառափնատեղի: 23Զմուռսով խառնուած գինի տուին նրան, բայց նա չվերցրեց: 24Եւ նրան խաչը հանեցին: Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ի՛նչ պիտի վերցնի: 25Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին: 26Եւ կար նրա դատապարտութեան մասին գրութիւն՝ գրուած այսպէս. «Հրեաների թագաւորն է»: 27Եւ նրա հետ խաչեցին երկու աւազակներ, մէկը՝ նրա աջում եւ միւսը՝ ձախում: 28Եւ կատարուեց գրուածը, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց»: 29Եւ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները եւ ասում. «Վա՛հ, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրում շինում, 30ազատի՛ր ինքդ քեզ եւ իջի՛ր այդ խաչից»: 31Նոյնպէս եւ քահանայապետները, իրենք իրենց մէջ, օրէնսգէտների հետ միասին, ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել: 32Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի այդ թագաւորը, թող այժմ իջնի խաչից, որպէսզի տեսնենք եւ հաւատանք դրան»: Եւ նրա հետ խաչուածներն էլ նախատում էին նրան: 33Երբ կէսօր եղաւ, խաւար պատեց ամբողջ երկիրը, մինչեւ ժամը երեքը: 34Եւ ժամը երեքին Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանւում է՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ: 35Եւ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»: 36Եւ մէկը առաջ վազելով՝ սպունգը թաթախեց քացախի մէջ, անցկացրեց եղէգի ծայրին, տուեց նրան, որ խմի, ու ասաց. «Թողէ՛ք տեսնենք, արդեօք Եղիան կը գա՞յ նրան իջեցնելու»: 37Եւ Յիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին աւանդեց: 38Եւ տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց: 39Եւ այնտեղ կանգնած հարիւրապետը տեսնելով, թէ ինչպէս նա աղաղակեց եւ հոգին աւանդեց, ասաց. «Իրօք այս մարդը Աստծու Որդի էր»: 40Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից: Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն, 41որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետեւից էին գնում եւ ծառայում նրան. կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել: 42Եւ երբ երեկոյ եղաւ, - քանի որ ուրբաթ էր, եւ շաբաթամուտն էր սկսւում, - 43արիմաթիացի Յովսէփը, որ մի պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ եւ որ ինքն էլ Աստծու արքայութեանն էր սպասում, համարձակուեց մտնել Պիղատոսի մօտ եւ ուզեց Յիսուսի մարմինը: 44Եւ Պիղատոսը զարմացաւ, որ Յիսուս այդչափ շուտ էր մեռել. եւ իր մօտ կանչելով հարիւրապետին՝ հարցրեց նրան ու ասաց. «Իրօք այդչափ շո՞ւտ մեռաւ»: 45Երբ այդ ստուգեց հարիւրապետից, մարմինը շնորհեց Յովսէփին: 46Եւ Յովսէփը կտաւ գնեց ու նրան իջեցնելով՝ պատեց այդ կտաւով ու դրեց մի գերեզմանի մէջ, որ փորուած էր ժայռի մէջ: Եւ մի քար գլորեց գերեզմանի դռան առաջ: 47Իսկ Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսի ու Յովսէի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրուեց:
Copyright information for
ArmEastern