‏ Matthew 21

1Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. 2«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ: 3Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»: 4Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. 5«Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»: 6Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. 7եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ: 8Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: 9Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»: 10Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա: 11Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: 12Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: 14Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: 15Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: 17Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց: 18Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց: 19Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ: 20Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»: 21Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի: 22Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»: 23Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: 24Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 25Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»: 27Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»: 28«Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»: 29Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց: 30Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին: 31Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»: 33«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր: 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն: 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք: 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին: 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»: 41Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»: 42Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է: 43Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն: 44Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»: 45Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց: 46Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան:
Copyright information for ArmEastern