Matthew 26
1Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2«Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»: 3Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը 4եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն: 5Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 6Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, 7նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: 8Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, 9քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: 10Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. 11աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ: 12Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց: 13Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»: 14Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. 15«Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: 16Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց: 17Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»: 18Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»: 19Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը: 20Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել: 21Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»: 22Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»: 23Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու: 24Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»: 25Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր: 26Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: 27Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. 28«Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար: 29Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»: 30Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը: 31Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն: 32Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»: 33Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»: 34Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: 35Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ: 36Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»: 37Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել: 38Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»: 39Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»: 40Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ: 41Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»: 42Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»: 43Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին: 44Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց: 45Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում: 46Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»: 47Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով: 48Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»: 49Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց: 50Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին: 51Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց: 52Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն: 53Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր: 54Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»: 55Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք. 56բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան: 57Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին: 58Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը: 59Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, 60բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. 61ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»: 62Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»: 63Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: 64Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»: 65Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը: 66Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է: 67Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. 68«Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»: 69Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»: 70Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»: 71Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»: 72Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: 73Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»: 74Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց: 75Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:
Copyright information for
ArmEastern